

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի շնորհանդեսին Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի մարզադաշտում ներկա է եղել 25 հազար երկրպագու:
Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, 37-ամյա պորտուգալացին Էլ Ռիադ է ժամանել հունվարի 3-ի գիշերը: Կեսօրին հարձակվողը բուժզննում է անցել, երեկոյան մասնակցել է մամուլի ասուլիսի, ծանոթացել իր նոր թիմակիցների հետ, իսկ վերջում մարզադաշտում հանդիպել է երկրպագուների հետ:
Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ առաջարկներ է ունեցել Ավստրալիայից, Եվրոպայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, բայց նախընտրել է «Ալ-Նասրը», քանի որ ցանկանում է մասնակցել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի, ինչպես նաև այլ բնագավառների զարգացման գործին։
Նշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը 2,5 տարվա պայմանագիր է կնքել արաբական ակումբի հետ, ըստ որի նա տարեկան կստանա 200 մլն դոլար: Պայմանագրի ավարտից հետո Ռոնալդուն կդառնա Սաուդյան Արաբիայի դեսպանը ֆուտբոլի 2030 և 2034թթ աշխարհի առաջնությունների անցկացման վայրի ընտրությունների ժամանակ: