Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է 11.01.2023 թ. դրությամբ քառալեզու պաշտոնական տեղեկագիրը՝ շրջափակման ընթացքի ու հետևանքների վերաբերյալ:

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պատճառով Արցախի դեղատներում կենսական նշանակության դեղամիջոցների և մանկական կերերի սղությունն ավելի է զգացվում։ Այս պահի դրությամբ, ի թիվս բազմաթիվ դեղատեսակների, զգալիորեն պակասում են կաթնախառնուրդները, մանկական տակդիրներն ու հակաբիոտիկները։ Բացակայում են հատկապես մինչև 6-7 տարեկան երեխաների համար հեղուկ հակաբիոտիկները և ջերմիջեցնող դեղերը։ Բացակայում են նաև շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցները, ինսուլինի ներարկիչները։ 

Ինչ է դա նշանակում:

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղու արգելափակման պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում Արցախի բնակիչները, որոնցից շուրջ 30 000-ը երեխաներ են, մեծապես զրկված են կենսական նշանակության դեղորայք ստանալու հնարավորությունից։ Իսկ հատկապես մանկական կերի սղությունը լրջորեն սպառնում է միայն դրանցով սնվող նորածինների առողջությանն ու զարգացմանը:

Արցախցի առնվազն 50 դիմորդ զրկվել է բուհերի ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից:

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը փակելու հետևանքով Արցախի 50 դիմորդ զրկվել է Հայաստանի բուհերի ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից, որը Հայաստանում մեկնարկում է հունվարի 15-ից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացրեց, որ քննություն հանձնելու համար Արցախից այս փուլում հայտագրվել է առնվազն 50 աշակերտ:

Ինչ է դա նշանակում:

Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի դիմորդները զրկվել են Հայաստան մեկնելու և կրթություն ստանալու իրենց իրավունքի իրացման հնարավորություններից։

Արցախում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ խստացումներ են մտցվել:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած կանխիկի դրամաշրջանառության խնդիրների պատճառով՝ Արցախի Հանրապետությունում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային  քարտով  կանխիկացումների համար կգործի սահմանաչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով:

Ինչ է դա նշանակում:

Շրջափակման պատճառով Հայաստանից լրացուցիչ կանխիկ գումարի մատակարարման անհնարինության և բնակչության կողմից մեծ ծավալի գումարի կանխիկացման պատճառով բնակչության ստվար խմբեր խնդիրներ ունեն կանխիկ գումարի ձեռք բերման հետ կապված, որը կարգավորելու նպատակով կգործի նշված սահմանաչափը:

Օպերատիվ շտաբի հայտարարությունը էլեկտրամատակարարման շարունակական խնդիրների հետ կապված:

Արդեն երկրորդ օրն է, ինչ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում՝ Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրված վթարի պատճառով Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից: Հանրապետության էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս նշված վայրում իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ՝  կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները և խորացնելով արդեն մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության շրջանում առկա հումանիտար ճգնաժամը:

Հրավիրվել է Արցախի Անվտանգության խորհրդի նիստ, ընդունվել է հայտարարություն:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԱՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում արդեն շուրջ մեկ ամիս տևող հումանիտար ճգնաժամի հետևանքները, դրա վերաբերյալ վերջին օրերին հնչած բարձր մակարդակի քաղաքական հայտարարությունները: Ընդունվել է Արցախի ԱԽ հայտարարություն։

Անվտանգության խորհուրդը դիմել է միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող էթնիկ զտումները և նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Համաձայն հրամանագրերի՝ Սրբուհի Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության արդարադատության նախարար:

Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար:
Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից:

Արմեն Մանգասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար: Նույն օրը նախագահը հաստատել է կառավարության որոշում Արմեն Մանգասարյանին Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանին:

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել:

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի հրավիրած խորհրդակցությանը կատարվել են հետևյալ շեշտադրումները՝

  • Ադրբեջանը ոչ միայն չի թողնում սննդամթերք, դեղորայք բերել, այլև խոչընդոտում է մասնագետների այցը վթարի վայր՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար։
  • Իրավիճակը բարդ է նաև մասնավոր հատվածում, քանի որ շրջափակման հետ կապված տնտեսությունը ևս ճգնաժամի մեջ է հայտնվել, բազմաթիվ մարդիկ կորցնում են աշխատանքը:
  • Ադրբեջանի քաղաքականությունը հստակ է՝ ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը: 
  • Կառավարությունն օգտագործում է բոլոր գործիքները՝ դիվանագիտական, իրավական, տեղեկատվական և շարունակում է ամեն ջանք գործադրել՝ ճանապարհը բացելու համար, բայց միաժամանակ այն պարտավոր է պատրաստ լինել բոլոր հնարավոր զարգացումներին:

Այսօր կկայանա առցանց տեղեկատվական միջոցառում Արցախի շրջափակման մեկամսյակի առթիվ:

Հունվարի 12-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի ժամանակով կկայանա «Մեկ ամիս շրջափակման մեջ. հումանիտար ճգնաժամ» առցանց տեղեկատվական միջոցառումը։

Մասնակիցներ՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան, Կառավարության և խորհրդարանի անդամներ և շրջափակումից տուժած քաղաքացիներ։

Ձևաչափ՝ Տեղեկատվական ճեպազրույց, որին կհաջորդի մամուլի ասուլիս:

Կարելի է հետևել ուղիղ հեռարձակմանը կամ տեսագրությանը հետևյալ լեզուներով՝ հայերենանգլերենռուսերեն:

Օրվա վիճակագրական թարմացումներ

  • 11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
  • 6 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
  • Արդեն 118 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
  • ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով ավելի քան 380 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։
  • Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել 16 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
  • 690 փոքր և միջին ձեռներեցության սուբյեկտներ (ընդհանուր թվի 14,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։ 
  • Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,200 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 
  • Ավելի քան 12,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Կարևոր փաստեր

  • Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 32 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120 000 բնակչությանը:
  • Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30 000 երեխա, 20 000 տարեց, 9 000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

645