Գրեյվսի հիվանդությունն իմունային համակարգի խանգարում է, որն առաջացնում է վահանաձև գեղձի հորմոնների գերարտադրություն (թիրեոտոքսիկոզ կամ հիպերթիրեոզ):

Տարբեր աղբյուրներում հիվանդությունը ներկայացվում է մի շարք անվանումների ներքո՝ դիֆուզ տոքսիկ խպիպ, բազեդովյան հիվանդություն, աուտոիմուն հիպերթիրեոզ, Պերրի հիվանդություն, սակայն առավել ընդունված են Գրեյվսի հիվանդության և դիֆուզ տոքսիկ խպիպ անվանումները:

Թեև բազմաթիվ հիվանդություններ կարող են առաջացնել թիրեոտոքսիկոզ, Գրեյվսի հիվանդությունն ամենատարածված պատճառն է (80%)։

Վահանաձև գեղձի (թիրեոիդ) հորմոններն ազդում են օրգանիզմի բազմաթիվ համակարգերի վրա, ուստի Գրեյվսի հիվանդության ախտանիշները կարող են լինել շատ բազմազան: Չնայած Գրեյվսի հիվանդությունը կարող է ախտահարել բոլորին, այն ավելի տարածված է կանանց և 40 տարեկանից փոքր մարդկանց շրջանում:

Բուժման առաջնային նպատակներն են նվազեցնել վահանաձև գեղձի արտադրած հորմոնների քանակը և մեղմացնել ախտանիշների սրությունը:

Գրեյվսի հիվանդության տարածված գանգատներից և ախտանիշներից են՝

անհանգստության զգացում (տագնապ) և գրգռվածություն,

ձեռքերի և մատների թույլ դող (տրեմոր),

ջերմային զգայունություն և քրտինքի ավելացում կամ տաք, խոնավ մաշկ,

քաշի կորուստ՝ չնայած նորմալ ուտելու հանգամանքին,

վահանաձև գեղձի մեծացում (խպիպ, զոբ),

կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի փոփոխություններ,

տղամարդկանց մոտ՝ էրեկտիլ դիսֆունկցիա կամ լիբիդոյի նվազում,

աղիների դատարկման հաճախացում,

դուրս ցցված կամ արտափքված աչքեր (Գրեյվսի օֆթալմոպաթիա),

հոգնածություն,

հաստացած և կարմրած մաշկ, սովորաբար՝ ոտնաթաթերի ծարերին և սրունքների շրջանում (Գրեյվսի դերմոպաթիա),

արագացած կամ անկանոն սրտազարկ (սրտխփոց),

քնի խանգարում:

Դիմեք բժշկի օգնությանը, եթե զգում եք, որ սրտի հետ կապված խնդիրներ կան կամ տեսողության կորստին նպաստող ախտանշաններ:

790