Արցախյան պատերազմի զոհեր  ունեցող ընտանիքներ և այդ ընտանիքներում մանկան ճիչեր։

44-օրյա պատերազմի հետևանքով եղան մեծաթիվ անդառնալի կորուստներ։ Բազմաթիվ ընտանիքներ մարտի դաշտում կորցրեցին իրենց որդիներին, սակայն չկորցրեցին հույսը, հավատը ապագայի հանդեպ։ Այժմ անկոտրում կամքով այս ընտանիքները պայքարում են երեխա ունենալու համար, որոնք կշարունակեն ապրեցնել թե՛ իրենց ընտանիքներին, թե՛ այն հայրենիքը, որի համար ընկան իրենց եղբայրները քաջաբար։

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ: Այս ծանրագույն մարտերում զոհվեց Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում 3825 զինծառայող և քաղաքացիական անձ։ Սա չի զսպում, սակայն, Ադրբեջանին լայնամասշտաբ պատերազմից հետո Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ հարձակումներ  է գործում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ շարունակելով իր ահաբեկչական քաղաքականությունը։

Ընդհանուր առմամբ, Արցախյան պատերազմն այն հիմնական գործոններից  է, որ վատթարացրել է ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակը՝ բազմաթիվ զոհեր և մեծ ծավալով արտագաղթ։ Պատերազմական 2020 թվականին բնական հավելաճը ընդամենը 183 է եղել, մինչդեռ դրանից առաջ՝ 2019 թվականին, երկրում ծնվածների թիվը մահացածներինը գերազանցել էր 9855-ով։ Սա խոսում է երկրում ժողովրդագրական իրավիճակի բացասական միտումների մասին։

Այս մեծ ողբերգությունը, սակայն, որդեկորույս ընտանիքներում չի սպանում հույսը սրա  լավագույն օրինակն այն է, որ որդեկորույս ծնողները պայքարում և շարունակում են երեխաներ լույս աշխարհ բերել։

Պատերազմից հետո հոգեբանական ընկճվածությունը չի հաղթում նրանց կամքին նրանք երեխաներ են ունենում և պատրաստվում են իրենց նոր ծնված երեխաներին մեծացնել այս երկրում, իսկ պետությունը ոչինչ չի խնայում հնարավորինս օգնելու որդեկորույս ընտանիքներին նորից երեխայի ճիչ լսելու համար։

Սրա լավագույն դրսևորումներից մեկն այն է, որ 2019թ-ին ներդրված Անպտղության հաղթահարման պետական ծրագրում շահառու դարձան 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։ Ըստ այս փոփոխության՝ պետությունը փոխհատուցում է տրամադրում զոհված զինծառայողների այն ծնողներին, որոնք ցանկանում են կրկին երեխա ունենալ, դա կարող է լինել թե՛ փոխնակ մոր եւ թե՛  դոնորի ծառայություններից օգտվելու նպատակով։

Հատկանշական է, որ այս փոփոխության համար հիմք են հանդիսացել զոհված զինծառայողների ծնողների դիմումները, որոնք ցանկանում էին ծրագրի օգնությամբ կրկին երեխա ունենալ։ Իսկ դիմումները օր օրի շատանում են․ արդեն շուրջ 200 շահառու դիմել է:

Ծրագրի արդյունքներն իրենց սպասել չտվեցին՝ 2022 թվականին  44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 28 երեխա են ունեցել։

Ծնողներին անգամ տարիքը չի խանգարում։ Լավագույն օրինակներից են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի ծնողները, որոնք 60 տարեկան են։ Նրանք փոխնակ մոր օգնությամբ ունեցել են 3,450 կգ քաշով և 51սմ հասակով տղա։

«Կարոտել էի, երբ ինձ մայրիկ էր ասում որդիս, փոքրիկ Գարիկը կօգնի նորից զգալ այդ բերկրանքը»,- այսպես է իր անսահման հուզմունքը նկարագրում մայրը,  ում որոշումը իրոք հերոսություն կարելի է համարել։

Իզուր չէ, որ ասում են՝ հերոս ծնած մայրը ինքն էլ է հերոս, զգալ որդու կորուստը, սակայն կյանք տալ նորին, հավատալ նորին, վաղվան չկա հայրենիք սիրելու ավելի ուժեղ դրսևորում։

Հրաշալի օրինակները բազմաթիվ են․ 44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Նորիկ Վարդանյանի ընտանիքը մեկի փոխարեն երկու երեխա է ունեցել՝ երկվորյակ  Դավիթին ու Տաթևին։

«Կարծես հեքիաթում լինեմ, աչքերիս չեմ հավատում։ Իրենք մի քիչ կմեծանան ու կիմանան՝ ինչ եղբայր են ունեցել, կնմանվեն իրենց եղբորը»,- ասել է հայրը՝ Վահրամ Վարդանյանը։

 Նման օրինակները բազմաթիվ են։ Սա անկոտրում կամքի դրսևորում է մահից հետո ծնողները շարունակում են նոր կյանք պարգևել՝ ապրեցնելով թե իրենց և թե հայրենիքը, իսկ պետությունը փորձում է  հնարավորինս հոգալ նրանց կարիքները՝ ապահովելով առողջ մանկություն և բարեկեցիկ ապագա։ Ծրագրի շահառուների այս խմբին անհրաժեշտ է յուրահատուկ մոտեցում թե՛ բուժական, թե՛ հոգեբանական առումով, ինչը պետությունը փորձում է ապահովել։

           

1778