
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը ԱՄՆ-ին կոչ է անում կազմակերպությանը տրամադրել «Covid-19»-ի լաբորատոր ծագումն ապացուցող տեղեկատվություն։
Թեդրոս Գեբրեյեսուսը նաև կոչ է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրներին հրապարակել «Covid-19»-ի ծագման մասին իրենց ունեցած բոլոր տեղեկությունները։
«Եթե որևէ երկիր տեղեկություն ունի համաճարակի ծագման մասին, կարևոր և որոշիչ է, որ նա այդ տեղեկատվությունը կիսի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային գիտական հանրության հետ»,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Գեբրեյեսուսը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենի խոսքով, «Covid-19»-ի ծագման աղբյուրի իմացությունը կօգնի կանխել և կառավարել ապագա համաճարակները ամբողջ աշխարհում։
Նրա խոսքով, համաճարակի ծագման վերաբերյալ ներկա քննարկումների քաղաքականացումը դժվարացնում է գիտնականների աշխատանքը և աշխարհը դարձնում ավելի խոցելի։
Նա նաև կոչ է արել Չինաստանին հնարավորինս թափանցիկ դարձնել «Covid-19» համաճարակի հետ կապված բոլոր տվյալները և պատշաճ հետաքննություն անցկացնել։
«Քանի դեռ դա տեղի չի ունեցել, «Covid-19»-ի ծագման մասին բոլոր վարկածները կշարունակվեն քննարկվել»,- ասել է Գեբրեյեսուսը։