Բաքուն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ, լրագրողի այն հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կարող ենք փակուղային համարել, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ իրավիճակը չպետք է փակուղային համարել։
«Մեր տարածաշրջանը բավականին բարդ իրողությունների առաջ է կանգնած, առհասարակ աշխարհաքաղաքական շատ լուրջ զարգացումներ կան, և եթե մենք շարժվենք այն ճանապարհով, որ մի առաջարկը մերժվեց և սա փակուղի է և վերջ, մենք երբեք առաջ չենք շարժվի և խաղաղության գործընթացը կձախողենք»,- ասաց Հովհաննիսյանը:
Խորհրդարանականի խոսքով՝ ոչ ոք եւ երբեք չի ասել այն մասին, որ հայկական կողմին հեշտ ճանապարհ է սպասվում։ Պատգամավորը համոզված է. պետք է շարժվել առաջ՝ փորձելով մոտեցնել հակամարտող կողմերի դիրքորոշումները, այդ թվում եւ միջազգային գործընկերների աջակցությամբ։
«Հայաստանը շարժվելու է առաջ՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշման ուժեղացման պայմաններում։ Մասնավորապես, դիվանագիտական խողովակների միջոցով»,- ասաց Հովհաննիսյանը: