«Մարտի 30-ից Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում՝ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածը ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով»,- այսօր՝ ապրիլի 13-ին, Կառավարության հերթական նիստում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին:

Վարչապետը կարևորեց նախորդ օրը ԵՄ-ի կողմից տարածված հաղորդագրությունը, որում ընդգծվում է 1991թ. սահմանագիծը:

«Խոսքը Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով վերածվել էր պետական սահմանի: Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետքաշումը ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադրբեջան 1991թ. սահմանային գծի ողջ երկայնքով, իսկ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը խոչընդոտում է նման լուծմանը:

666