Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստում որոշեց ՀՀ 2023-ի պետական բյուջեի Կառավարության պահուստային ֆոնդից 495 մլն 691 հազար դրամ ուղղել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի առողջացմանը:

Որոշման հիմնավորման  մեջ նշվում է. «Սևանի իշխանի պաշարների վերականգման և ձկնաբուծության զարգացման Համալիր ծրագրի հետագա գործունեությունը ներկայումս վտանգված է՝ պայմանավորված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» առկա ֆինանսական խնդիրներով, ինչի արդյունքում կվերանան իշխանի երկու ենթատեսակների գենետիկ ռեսուրս հանդիսացող ամբողջ ծնողական կազմը, որն էլ կարող է հանգեցնել էնդեմիկ ձկնատեսակաների ի սպառ վերացմանը։

Սևանի իշխանը Հայաստանի համար էնդեմիկ և պոլիմորֆ /բազմաձև/ ձկնատեսակ է, որը նախկինում ներկայացված էր 4 ենթատեսակներով՝ ամառային իշխան, գեղարքունի, ձմեռային իշխան և բոջակ: Նրանք բոլորն էլ բնակվում էին միայն Սևանա լճում:

Ներկայում բնական պայմաններում քիչ քանակությամբ պահպանվել են միայն գեղարքունին և ամառային իշխանը, իսկ ձմեռային իշխանն ու բոջակը վերացել են:

Հարկ է նշել նաև, որ ներկայում Սևանա լճի ձկնային պաշարները խիստ նվազել են: Հատկապես տուժել են Սևանա լճում կլիմավարժված և վերջին տասնամյակների ընթացքում հիմնական որսաձուկ հանդիսացող սիգի պաշարները, իսկ մյուս երկու տեղաբնակ տեսակները՝ Սևանի կողակը և Սևանի բեղաձուկը, որպես վերացող ձկնատեսակներ, նույնպես ընդգրկվել են Կարմիր գրքում:

Բացի այդ, լճի ձկնաշխարհի կազմում ի հայտ են եկել նոր, տնտեսապես ոչ արժեքավոր ձկնատեսակներ՝ արծաթափայլ կարասը, ամուրյան նրբաձկնիկը, արևելյան տառեխիկը: Այդ ձկնատեսակները, որոնք Սևանա լճում չունեն իրենց քանակը կարգավորող այնպիսի գիշատիչ, ինչպիսին իշխանն է, կարող են կարճ ժամանակահատվածում արագորեն բազմանալ ու անդառնալի վնաս հասցնել լճի էկոհամարգին:

Գործընթացի շարունակական ապահովման շնորհիվ հնարավոր կլինի լճում համալրել էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի և ամառային ենթատեսակների իշխանի պաշարները, բարելավել իշխանի համար ձվադրավայր հանդիսացող գետերի էկոլոգիական վիճակը, որը կնպաստի իշխանի բնական վերարտադրությանըև պոպուլյացիաների ձևավորմանը։

Սույն նախագծի ընդունման արդյունքում Հիմնադրամին տրամադրվող դրամաշնորհի միջոցով նախատեսվում է ապահովել «Սևանի իշխանի պաշարների վերականգման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի, «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» ՓԲԸ-ներիբնապահպանական բաղադրիչի պահպանումով գործունեությունը՝արժեքավոր ձկնատեսակների արհեստական վերարտադրությունը և Սևանա լիճ էնդեմիկ ձկնատեսակաների բացթողնման միջոցով լճի էկոհամակարգի վերականգնումն ապահովելու նպատակով։

Նախատեսվում է 2023 թվականի ընթացքում իշխանի երկու ենթատեսակների բնական պաշարների վերականգնման նպատակով էկոհամակարգ բաց թողնել շուրջ 200 հազար հատ տարբեր չափերի մանրաձկներ:

Սելեկցիոն աշխատանքների արդյունքում ընտրել և ավելացնել Սևանի իշխանի երկու ենթատեսակների պատկանող ծնողական կազմի թվաքանակը՝ հասցնելով մինչև 80 հազար հատի, որը թույլ կտա տարեց տարի պաշարների վերականգնման նպատակով տարեկան բացթողնվող մանրաձկների թիվը հասցնել մինչև մեկ միլիոն և ավելին հատի:

Նախատեսվում է այս տարվանից սկսել Սևանի կողակի արհեստական վերարտադրության իրականացման փորձերը, որի արդյունքում կունենանք այս ձկնատեսակի կենսունակ մանրաձկների ստացման և պաշարների վերականգնման հստակ մշակված տեխնոլոգիա:

Սևանի Իշխանի մանրաձկան գործարանում նաև փորձարկվում են այլ արժեքավոր ձկնատեսակների ստացման փորձեր, օրինակ, հաջողված է Սևանի սիգի ձկնկիթից մանրաձկան ստացումը՝ բացի Սևանա լճից նաև ՀՀ տարածքում այլ ջրային էկոհամակարգեր վերաբնակեցնելու նպատակով, ինչը որոշ չափով կնպաստի այդ համայնքներում սոցիալական խնդրի լուծմանը:

911