Սոցիալական բնակարանաշինություն պետք է լինի, բայց պետք է լինի մարզերում, Երևանում չպետք է լինի սոցիալական բնակարանաշինություն, քանի որ ավելի կխթանենք գյուղերի դատարկման գործընթացը: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Օրինակ, գնում եմ գյուղ և ուզում եմ հասկանալ, թե ինչու այդ գյուղում մարդ չի ապրում, առաջին ռեակցիան այն է, որ ճանապարհ չկա, երկրորդը՝ դպրոց չկա, առողջապահական հասանելիություն չկա: Թե չէ, ասենք, Երևանի կենտրոնում սոցիալական բնակարանաշինությունը ո՞րն է: Մարդը երեքսենյականոց բնակարան ունի Մաշտոցի պողոտայում, բայց ասում է՝ ինձ նպաստ տվեք: Մենք չենք ասում, որ կենտրոնում մի ապրեք, բայց մեզնից ինչի՞ եք նպաստ ուզում, եթե դուք միլիոնատեր եք: Հետո պարզվեց՝ մարդիկ գելենվագենով են շրջում քաղաքով, նպաստ են ստանում, մարդիկ կան 500 հազար դրամ վարկ են փակում, նպաստ են ստանում, և մինչև հիմա այդ հարցերը չենք լուծել»,- ասաց նա: