
Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթից անմիջապես հետո Ալեքսանդր Լուկաշենկոն վերադարձել է Մինսկ։ «Наша Нiва» տելեգրամյան ալիքի խոսքով՝ նա կարող էր ժամանակից շուտ հեռանալ Մոսկվայից՝ առողջական խնդիրների պատճառով։
Բելառուս լրագրողները նկատել են, որ Լուկաշենկոն միակ հրավիրված ղեկավարներից էր, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի գնացել Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ դնելու, նրան այնտեղ են տեղափոխել անվտանգության ծառայության էլեկտրական մեքենայով, գրում է Zerkalo-ն։
Տելեգրամյան ալիքը նշում է, որ շքերթի ժամանակ Լուկաշենկոյի թեւին վիրակապ է երևում։
Բացի այդ, Լուկաշենկոն չի ներկայացել Մոսկվա այցելած երկրների ղեկավարների ոչ պաշտոնական նախաճաշին։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Բելառուսը պաշտոնապես չեն մեկնաբանել Լուկաշենկոյի բացակայությունը միջոցառմանը։
Բելառուս քաղաքագետ Դմիտրի Բոլկունեցը գրել է, որ «Լուկաշենկոն առողջական պատճառներով չի կարողացել մասնակցել ճաշին և հեռացել է Մոսկվայից»։ Քաղաքագետի խոսքով՝ Լուկաշենկոյին շտապօգնության մեքենայով ուղեկցել են օդանավակայան։
Բացի այդ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 9-ի Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ Մինսկում չի ունեցել իր ավանդական ելույթը։