
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի (USCIRF) 2022 թ. զեկույցը, որտեղ Ադրբեջանը ներառված է հատուկ վերահսկողության տակ գտնվող երկրների ցանկում։
«Միջազգային մարմինները և այլ կազմակերպությունները շարունակում են կասկածի տակ դնել Ադրբեջանի կառավարության պատրաստակամությունը՝ պաշտպանելու և պահպանելու կրոնական և մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հարակից տարածքներում։
Փետրվարին այն ժամանակվա մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարեց եկեղեցիներից հայ առաքելական արձանագրությունները հեռացնելու աշխատանքային խումբ ստեղծելու մասին, սակայն հետագայում նա այս հայտարարությունը անվանեց «հորինված»։ Ըստ երևույթին, կառավարությունը հրաժարվեց այդ ծրագրից միջազգային զայրույթից հետո, և մարտին Եվրախորհրդարանը դատապարտեց Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում:
USCIRF-ն առաջարկում է ԱՄՆ կառավարությանը «ֆինանսավորում տրամադրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ վերականգնելու, պահպանելու և պաշտպանելու պաշտամունքի վայրերը և այլ կրոնական կամ մշակութային վայրերը Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում»: