Կառավարության որոշմամբ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերի 2023 թվականի բյուջեն համալրվեց 300 մլն դրամով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ էականորեն աճել է երրորդ և հաջորդ երեխաների թիվը: «Օրինակ, եթե համեմատում ենք 2018 և 2021 թվականի ցուցանիշները, կտեսնենք, որ 4 տարիների ընթացքում ծնված երեխաների ընդհանուր թվի մեջ երրորդ և հաջորդ երեխաների թիվն աճել է շուրջ 30 տոկոսով: 2023 թվականի առաջին եռամսյակի տվյալներն արդեն խոսում են այն մասին, որ ծնունդների էական աճ ունենք և համեմատած նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ՝ ավելի է 658-ով»,- ասաց նա և նշեց, որ նաև էական նվազում կա մահերի ցուցանիշում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ծնունդների խթանմանն ուղղված կառվարության ծրագրերին, հայտնեց, որ 2023 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում մեր երկրում ծնված երեխաների թիվը կազմում է 11926, որը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի  է 1401-ով, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 532-ով, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1469-ով, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1080-ով:    

«Սրանք շատ ուրախալի թվեր են»,- ասաց նա և նշեց, որ դա նաև իրականացված ծրագրերի շնորհիվ է լինում:

696