
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալ Դերեք Հոգանը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը։
«Մայիսի սկզբին պետքարտուղարը հյուրընկալել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ աշխատելու ամենավիճելի հարցերի շուրջ, ներառյալ, օրինակ՝ սահմանային գոտուց զորքերի փոխադարձ դուրսբերումը, համաձայնագրում առկա վեճերի լուծման մեխանիզմը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը.
Հանդիպմանը երկու կողմերի միջև եղել է բուռն դիվանագիտական փոխգործակցություն։ Մենք մի շարք առաջարկներ ենք ներկայացրել, որոնք կարող են երկու կողմերին էլ որոշակի ձևակերպումներ տալ՝ իրենց տարաձայնությունները կամրջելու համար: Նրանք հաշվի են առել դրանք։ Հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկվի այն, թե ինչ պետք է արվի, որպեսզի գործն ավարտվի: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- նշել է նա։
Հոգանն ասել է, որ նախորդ շաբաթ խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, «որպեսզի հասկանանք, թե որ ուղղություններով կարող ենք առաջ շարժվել»:
Կապված Լաչինի միջանցքի հետ Հոգանը նշել է, որ միջանցքի ապաարգելափակման հարցով պետքարտուղարը մեծ ճնշում է գործադրում։