ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել. «Պարեկային ծառայության ստեղծման և կայացման ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ ստորաբաժանման հիմնական նպատակներից է ոչ միայն վարչական իրավախախտումների հայտնաբերումը, այլև դրանց դեմ պայքարում հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը։

Ինչպես տեղեկացրել ենք, պարեկային ծառայությունն իրականացնում է իրազեկման միջոցառումներ։ Վարորդները հնարավորություն ունեն պարեկային ծառայության ծառայողների օգնությամբ ստուգել մեքենաների ապակիների լուսաթափանցելիության աստիճանը։

Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %:

Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Հարգելի՛ վարորդներ, կոչ ենք անում հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը»։

706