Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հարցում։

Ըստ նրա՝ տևական ժամանակ արտերկրում բնակվելու ընթացքում իր անձնագրի վավերականության ժամկետը լրացել է։ Հայաստան վերադառնալուց հետո դիմել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն նոր անձնագիր ստանալու նպատակով։ Անհրաժեշտ է եղել ներկայացնել նաև զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք։ Այն իրեն չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ իր վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար։

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից՝ նշելով, որ ըստ բողոքը ներկայացրած անձի՝ արդեն տևական ժամանակ որևէ տեղեկություն չունի գործընթացի վերաբերյալ և խնդրել է Պաշտպանի աջակցությունը համապատասխան տեղեկանքը և անձնագիրը ստանալու հարցերում:

Բարձրացված հարցի առնչությամբ պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, իրավասու պետական մարմիններից ստացվել են պարզաբանումներ։

Արդյունքում, քաղաքացին հաշվառվել է ՀՀ Զինված ուժերի պահեստազորում, նրան տրամադրվել է համապատասխան տեղեկանք, որի հիման վրա ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր:

260