
Ուշադրություն
2023թ-ի հունիսի 15-ին ժամը 22:00-ին oragir.news կայքում հրապարակվել է ««ՄԼ Մայնինգն» ու նրա սեփականատերը սնանկության վարույթներում են հայտնվել» վերտառությամբ հոդված առ այն, թե իբր «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության և վերջինիս մասնակից Դավիթ Համլետի Սուքիասյանի դեմ հարուցվել են սնանկության վարույթներ:
Ընկերությունը հայտնում է, որ նշված հրապարակմամբ տարածված տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, այն զրպարտող տեղեկատվություն է. ո՛չ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության, ո՛չ էլ ընկերության մասնակից Դավիթ Համլետի Սուքիասյանի դեմ առկա չեն հարուցված սնանկության վարույթներ: Ընկերությունը գտնվում է կայուն ֆինանսական վիճակում, շարունակում է ծավալել իր բազմաոլորտ գործունեությունը, և կառուցապատվող համալիրների ապագա բնակիչների, ինչպես նաև ընկերության գործընկերների շահերը որևէ կերպ վտանգված չեն և շարունակում են մնալ բարձր հուսալի մակարդակում։
Նշված հոդվածում մասնավորապես նշված է, որ «oragir.News-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Գրիգոր Գագիկի Խաչատրյանի ներկայացուցիչ Վարդան Գևորգյանի կողմից 2023 թվականի մայիսի 18-ին դիմում է ներկայացվել դատարան՝ Դավիթ Միշայի Սուքիասյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին»: Նշված կայքը նախ առհասարակ այլ անձի նույնականացրել է «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության միակ սեփականատեր Դավիթ Համլետի Սուքիասյանի հետ և երկրորդ նրան նույնականացրել նաև «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության հետ: Ցանկանում ենք տեղեկացնել, որ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության միակ սեփականատեր է հանդիսանում Դավիթ Համլետի Սուքիասյանը, այլ ոչ թե Դավիթ Միշայի Սուքիասյանը, և վերջինս երբևէ որևէ կապ չի ունեցել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի հետ: Բացի այդ, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության նկատմամբ առհասարակ որևէ սնանկության գործընթաց առկա չէ. դա oragir.news կայքի վառ երևակայության արդյունք է:
Հոդվածում նաև հրապարակվել է մեկ այլ սուտ տեղեկատվություն, թե իբրև «մինչ այդ՝ 2020 թ. ապրիլի 28-ը, ընկերության 50 տոկոսի բաժնետեր է եղել Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կոտայքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանը, որն էլ իր բաժնեմասն օտարել է Սուքիասյանին»: Նշված տեղեկատվությունը ևս չի համապատասխանում իրականությանը. Կարապետ Գուլոյանը երբևէ չի հանդիսացել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության մասնակից: Ցանկանում ենք տեղեկացնել, որ 2010թ-ից մինչ օրս «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության 100% մասնակիցն է (միակ սեփականատեր) Դավիթ Համլետի Սուքիասյանը:
Տվյալ հրապարակմամբ անհաջող փորձ է կատարվել՝ արատավորելու «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության և նրա մասնակցի բարի համբավը, անվստահություն սերմանելու ընկերության գործունեության և նախաձեռնությունների նկատմամբ՝ սպասարկելով որոշ անձնաց անձնական և խմբային հակաօրինական շահերը։
Միաժամանակ, հրապարակված տեղեկատվությանը առերևույթ արժանահավատության երանգ հաղորդելու նպատակով հրապարակմանը կից ներկայացվել են «datalex.am» տեղեկատվական հարթակից քաղվածք՝ ընկերության մասնակցությամբ մի քանի քաղաքացիական (ոչ սնանկության) գործերի տվյալներով, և այլ անձի (այդ անձի տվյալները մասնակի՝ միայն անվան և ազգանվան մասով են համընկնում ընկերության մասնակցի տվյալների հետ, իսկ հայրանունները տարբեր են) հարկադրված սնանկության գործից։
Տեղեկացնում ենք նաև, որ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է անհրաժեշտ իրավական միջոցներ՝ իր խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։