Araratnews.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը։

- Պարոն Պետրոսյան, սպասվում է բրյուսելյան եռակողմ հանդիպում, որին զուգահեռ Բաքուն տարբեր ուղղություններով շարունակում է խախտել հրադադարը․ մենք չենք տեսնում ո՛չ Արևմուտքի, ո՛չ էլ ՌԴ-ի հասցեական արձագանքը, ի՞նչ կտա հանդիպումը նման իրավիճակում։

- Նախևառաջ, բրյուսելյան բանակցություններից  բնականաբար էական ակնկալիքներ ունենալը մեզ համար շատ իրատեսական չէ, քանի որ շատ լավ հասկանում ենք, որ և՛ ստեղծված աշխարհաքաղաքական, և՛ տարածաշրջանային իրավիճակի ֆոնին, նաև հաշվի առնելով Ադրբեջանի անզիջում ու առավելապաշտական վարքագիծը՝ առաջընթաց հնարավոր է միայն, երբ հայկական կողմը ընդունի Բաքվի բոլոր պահանջները և  ենթարկվի լիակատար կապիտուլյացիայի, ինչի պահանջով պարբերաբար հանդես է գալիս Ադրբեջանի բռնապետ առաջնորդը։ Բայց, քանի որ մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության կողմից առնվազն սեփական ինքնիշխան տարածքը  պաշտպանելու, Արցախի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը ապահովելուն միտված ջանքերը, բնական է, որ այդ պայմանավորվածությունները Բրյուսելում լինել չեն կարող։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ապակառուցողական և սադրիչ գործողություններին՝ դրանք շատ պարզ հիմնավորում ունեն՝ Ադրբեջանը պատրաստվում է բանակցությունների, այսինքն՝  երկու ուղղությամբ, քանի որ այս պահին Ադրբեջանին բանակցություններ պետք չեն, և միջազգային հանրության կողմից փորձ է արվում ճնշում գործադրել և նվազագույն փոխզիջումների մղել Ադրբեջանին, Բաքուն փորձում է սադրիչ գործողություններով ստեղծել իրավիճակ, որպեսզի հայկական կողմը հրաժարվի բանակցություններից և այդ ապակառուցողական դերը վերագրի Հայաստանին։ Եթե բանակցություններ էլ լինեն, ապա ուժի սպառնալիքով փորձել բանակցային սեղանի շուրջ հասնել նոր զիջումների հայկական կողմից։

- Արցախում այսօր բողոքի մեծ ակցիա է մեկնարկել, որը ամենօրյա բնույթ է կրելու, ի՞նչ կտա դա։ Արդյոք, ի վերջո, միջազգային հանրությունը կարմիր լույս կվառի և Ադրբեջանին կստիպի հետքայլ անել։

- Ես բավականաչափ կարևորում եմ այդ գործընթացը, որը ստեղծված իրողությունների պայմաններում միանշանակ նպաստելու է Արցախի և արցախահայության սուբյեկտայնության ամրապնդմանը, այսինքն՝ Արցախը որպես առաջնային սուբյեկտ, ինքն է դառնում սեփական իրավունքների, անվտանգության ապահովողը կամ  առաջ մղողը և սեփական խնդիրները բարձրաձայնողը։ Չափազանց կարևոր հանգամանք է. բնականաբար, այս գործընթացը կունենա տրամաբանական շարունակություն, այսինքն՝ Հայաստանը և համայն հայությունը պետք է աջակցի Արցախին նրանց խնդիրները լուծելու հարցում․ պարզապես մենք նաև պետք է հասկանանք, որ Արցախյան հիմնախնդրի շուրջ առկա իրողությունների պայմաններում փոխվել է բանաձևումը։ Եթե նախկինում Հայաստանը Արցախի խնդիրների առաջնային բարձրաձայնողն էր, ապա հիմա Արցախը դարձել է առաջնային սուբյեկտ և համայն հայությունը պետք է աջակցի Արցախի կողմից իրենց խնդիրների բարձրաձայնման գործընթացին։ Պետք է ամեն կերպ աջակցել, որպեսզի Արցախը վերածվի սուբյեկտի, որի իրավունքների, անվտանգության և այլ խնդիրների հետ կապված ուղիղ կբանակցեն հենց Արցախի հետ․ սրա տրամաբանական շարունակությունը բնականաբար հանգեցնելու է ինքնորոշում հանուն փրկության բանաձևի ի կատար ածմանը՝ եթե գրագետ կերպով առաջ մղվի ողջ գործընթացը։ Մենք պետք է հաշվի առնենք, որ գտնվում ենք շատ բարդ աշխարհաքաղաքական  և տարածաշրջանային իրողությունների պայմաններում և այդ ուղեգիծը ամենանախընտրելին է։

- Ամերիկյան հեղինակավոր Atlantic Council վերլուծական կենտրոնը Վաշինգտոնին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ, որպեսզի լարվածությունը թուլանա տարածաշրջանում․ ի՞նչ եք կարծում, նման հնարավորություն արդյոք կա, որովհետև օր օրի իրավիճակը Արցախում ավելի է վատանում։ Եվ պատժամիջոցները որևէ կերպ կազդե՞ն Բաքվի վրա։

- Քանի որ Միացյալ Նահանգները առավելապես հանդես է գալիս որպես միջնորդ՝ առայժմ կխուսափի պատժամիջոցների դիմելու քաղաքականությունից, որովհետև դա պարզապես կչեղարկի որպես միջնորդ հանդես գալու հնարավորությունները․ երբ պոտենցիալ միջնորդը կոնկրետ հասցեական քաղաքականություն է վարում հակամարտող կողմերից մեկի նկատմամբ՝ նրա միջնորդական դերակատարումը մեծ հաշվով զրոյացվում է։ Չեմ կարծում՝ այս պայմաններում ԱՄՆ-ն կգնա նման քայլերի, բայց և այնպես՝ պետք է հաշվի առնել, որ` այո՛ պատժամիջոցները այն արդյունավետ միջոցն են, որոնք կարող  են Ադրբեջանին դրդել գնալ զիջումների, բայց քանի դեռ Ադրբեջանը մնում է բանակցություններում,  քանի դեռ Ադրբեջանը չի մերժում և գիտակցաբար ու նպատակային չի մերժում որևէ արևմտյան միջնորդական ձևաչափ, նաև նպատակ ունենալով բացառել պոտենցիալ միջնորդների կողմից ավելի հասցեական դիրքավորումը՝ բնականաբար Արևմուտքի կողմից դեռևս իրատեսական չէ պատժամիջոցների սահմանումը։ Բայց իհարկե ես չեմ բացառում, որ բանակցությունների ընթացքում հատկապես ԱՄՆ-ից փորձ է արվում կորզել Ադրբեջանի կողմից որոշակի զիջումներ, բայց, ավաղ, դրանք մեծ արդյունք չեն տալու, որովհետև բանակցությունների ավարտից հետո փաստացի Ադրբեջանը վերադառնում է նախկին կարծր, անզիջում և առավելապաշտական դիրքին։

- Ադրբեջանի ԱԳ  նախարարը Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչներին ասել է, թե Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնության ցուցաբերումը, ինչպե՞ս պետք է արձագանքի Ստեփանակերտը և արդյո՞ք շրջափակումը հենց սրան չէր ուղղված՝ Արցախին ստիպել թեկուզ սովամահ լինելու գնով ամբողջովին հրաժարվել Հայաստանի հետ կապից:

- Հենց այդ նպատակով էլ արվում է։ Այդ հանդիպումներով Ադրբեջանը ուզում է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ իրենք բնավ էլ չեն խոչընդոտում ԿԽՄԿ գործունեությանը Արցախում ու առաջարկում են ըստ իրենց օրակարգի աշխատել, քանի որ Արցախը, այսպես կոչված, Ադրբեջանի տարածք է, ապա Կարմիր խաչի գործունեությունը պետք է ապահովվի ոչ թե Ստեփանակերտի կամ Երևանի, այլ Բաքվի գրասենյակից, այսինքն՝ առաջին հերթին այս թոզ փչոցին այդ նպատակով է իրականացվում։ Երկրորդը, բնականաբար, եթե հաջողվի Ադրբեջանին աջակցություն ցույց տալ այս եղանակով, ապա դա կնպաստի աստիճանական կերպով Արցախի՝ Ադրբեջանին վերաինտեգրման քաղաքականության իրականացմանը։ Եվ, բնականաբար, դարձյալ կբխի կամ կհամապատասխանի Ադրբեջանի օրակարգին․ չեմ կարող ասել, թե Արցախը ինչ դիրքորոշում պետք է ունենա, բայց միանշանակ է, որ Բաքվին առանց միջազգային էական երաշխիքների վստահելը կնշանակի տանել Արցախը հայաթափման, որովհետև եթե մի երկիր չակերտավոր ազնիվ նպատակներ ունի ինտեգրելու իր հասարակության ինչ-որ հատվածի՝ ոչ թե պետք է  նման ծայրահեղական և անմարդկային, անգամ ցեղասպան քաղաքականություն վարի, այլ հակառակը՝ փորձի վստահություն առաջացնել, ինչու ոչ՝ նաև փորձի  սիրաշահել, բանակցել, բայց տեսնում ենք հակառակը՝ վերջնագրային մոտեցում, իսկ սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը Արցախի հիմնախնդրի լուծման մեկ ընդունելի եղանակ է տեսնում՝ Արցախի հայաթափումը։

Գեղամ Ադյան

1859