
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի շրջափակման վերաբերյալ երեկ նամակ էր հղել Բայդենին, Պուտինին և Մակրոնին` ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի ղեկավարներին։
Սարգսյանի նամակից տպավորություն է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները հենց իրենից պետք է տեղեկանային Արցախում ստեղծված ծանր իրավիճակի մասին, և նա իբր փորձում է Հայաստանի Հանրապետության ողջ դիվանագիտական կորպուսի փոխարեն աշխատել։ Բայց իրականում իշխանությունից հեռացված նախկին նախագահը, օգտագործելով Արցախում ստեղծված անելանելի դրությունը, առիթը բաց չի թողնում ներքին քաղաքական խնդիրներից գանգատվել մի նամակում, որը բացառապես պետք է լիներ Արցախի ծանրագույն իրավիճակի վերաբերյալ։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ այդ գրագրությունը կրում է մանիպուլյատիվ բնույթ․ «Սեփական անփառունակ տասնամյա կառավարումը և իր նախորդի կրկին անփառունակ կառավարումը արդարացնելու փորձ է՝ օգտագործելով այս բավականին վտանգավոր իրավիճակը։ Ի՞նչ Մինսկի խումբ, չկա Մինսկի խումբ, այսօր հայտնի պատճառով Մինսկի խմբի անդամ երկրները գտնվում են թշնամական հարաբերություններում։ Այդ Մինսկի խմբի եռանախագահությանը, ում դիմում է պարոն Սարգսյանը՝ դա անհասցե դիմում է, և երկրորդ՝ ես չեմ կարծում այդ հասցեատերերը այնքան պարապ են, որ պիտի իր նամակները նստեն կարդան»։
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը նամակում ժողովրդին է մեղադրում, նշելով, թե հուզական ընտրություն է կատարել և իշխանությունը հանձնվել է Նիկոլ Փաշինյանին, Մեհրաբյանը արձագանքեց․ «Դա շատ վիրավորական է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ, որովհետև ընտրությունը եղել է ոչ թե հուզական, այլ գիտակցված։ Երկրորդը՝ տապալված քաղաքական գործիչները, այսպես ասենք, լուզեռները չպետք է իրենց տապալման մեղքը բարդեն ժողովրդի վրա, դա խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը ֆրանսիական վերջին դինաստիայի` Բուրբոնների նման ոչինչ չի մոռացել և ոչինչ չի սովորել, այսինքն՝ ոչ մի դաս էլ չի քաղել։ Այս ամենը դրա վկայությունն է, և ես չեմ կարծում, որ ինքն իր քաղաքական ռեպուտացիային, որը առանց այն էլ կրիտիկականից ցածր է՝ ինչ-որ բան ավելացրեց սրանով, եթե չասեմ՝ էլ ավելի ներքեւ իջեցրեց»։
Հարցին՝ արդյոք նման «ականջահաճո» նամակը Հայաստանի ներքին քաղաքական կյանքը Արցախի անվան տակ լարելու միջոց չէ․ քաղաքագետը պատասխանեց․ «Բայց ո՞վ է իրեն լսելու, ու՞մ համար ականջահաճո։ Սա ականջահաճո է միայն ռուսների համար, իսկ Բայդենին և Մակրոնին դիմել է այդ քծնանքը քողարկելու նպատակով։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական դաշտում, դա Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմի արդյունք է, և Սերժ Սարգսյանն այդ պատերազմում մարտնչում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության»։
Երևանում տեղի ունեցող տարբեր ակցիաների մասին խոսելով, որոնցում ըստ լրատվամիջոցների՝ կան նաև արցախցիներ, Ռուբեն Մեհրաբյանն ասաց․ «Ես չգիտեմ ինչ արցախցիներ են, բայց ես տեսնում եմ 5-րդ շարասյան որոշակի ակտիվացում, ընդ որում՝ ակտիվացում, որը սինխրոնիզացվում է պաշտոնական Մոսկվայի տարբեր հայտարարությունների և դիվանագիտական քայլերի հետ ու ուղղված է Հայաստանի ներսում ապակայունացում մտցնելուն և ՀՀ-ին դիմակայության մեջ ներքաշելուն, ինչը անթույլատրելի է։ Իհարկե, այնտեղ կան մոլորված մարդիկ, որոնք իրենց ազնիվ զգացումներն ունեն այս ամենի նկատմամբ և ուզում են ինքնադրսևորվել, բայց այստեղ միակ իրավաբանական պարտականություններ ունեցող սուբյեկտը Ռուսաստանն է, որը եռակողմ հայտարարության ստորագրողներից մեկն է, որը երաշխավորում է, որ լինի Լաչինի միջանցք և իրենց վերահսկողության ներքո գործի անխափան։ Ի՞նչ են ուզում ՄԱԿ-ից, ի՞նչ պիտի անի այդ կառույցը, հատկապես ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը, որն ընդամենը արդեն հաստատված ծրագրերն իրականացնող գրասենյակ է»։
Գեղամ Ադյան