Araratnews.am-ի հարցազրույցը քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ
 

- Պարոն Վարդանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Բաքուն կարծես ուզում է «սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով պայմանագիր ստորագրել և հետագայում տարածքային պահանջներ առաջադրել»Ալիևն էլ օրեր առաջ պնդել էր, թե մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրվի նմանատիպ հայտարարություն եղել էր նաև ԱՄՆ պետդեպից, երբ Մեթյու Միլլերը նշել էր, որ երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը հասանելի է։ Ըստ Ձեզ, որքանո՞վ է հնարավոր խաղաղության պայմանագրի մոտալուտ ստորագրումը, երբ Բաքուն ուզում է խաղաղության պայմանագրում տեղ թողնել ՀՀ նկատմամբ տարածքային պահանջներ առաջադրելու համար։

- Անկեղծ ասած, միայն այն հանգամանքը, որ կողմերն ունեն ռադիկալ  տարբեր՝ իրար հակասող  դիրքորոշումներ բազմաթիվ կարևոր  հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղին՝ արդեն իսկ բավարար են, որ մենք կասկած հայտնենք առ այն, որ կողմերը մոտ են խաղաղության պայմանագիր կնքելուն։ Ալիևը չի հրաժարվում իր մաքսիմալիստական մոտեցումներից և  ցանկանում է համոզել Արևմուտքին և կարելի է ասել ողջ միջազգային հանրությանը, որ ինքը արդար լուծման կողմնակից է և իրեն պահում է այնպես, թե իբր միջազգային հանրությունը նույնպես նման իրավիճակում այդպես է վարվում։ Պատահական չեն ադրբեջանական պրոպագանդիստների զուգահեռները ռուս-ուկրաինական պատերազմի հետ․ այսինքն՝ Ադրբեջանը օգտվելով այն հանգամանքից, որ միջազգային հանրությունը ճանաչում է ԼՂ-ն Ադրբեջանի տարածք՝ փորձում է Արևմուտքին վաճառել այն նարատիվը, որ այստեղ «ագրեսորը Հայաստանն է, այլ ոչ թե ես և ես փորձում եմ իմ տարածքային ամբողջականությունը վերականգնել և դուք պետք է ինձ քննադատելու փոխարեն աջակցեք»։ Սա մի իրավիճակ է, երբ Հայաստանից ջանքեր են պահանջվում միջազգային հանրությանը հստակորեն ցույց տալու, որ Ադրբեջանի նարատիվները ամբողջովին  կեղծ ու մանիպուլատիվ են, որ ՀՀ-ն միանշանակ կոնստրուկտիվ դիրքորոշում ունի  և որևէ կերպով չի խոչընդոտում խաղաղության հասնելուն։ Եվ ՀՀ-ն պետք է հասնի նրան, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառի, եթե փորձ արվի Հայաստանի նկատմամբ ուժ կիառել։

- ԱՄՆ պետքարտուղարությունից վերջին օրերին երկու անգամ եղել է կոչ Հայաստանին ու Ադրբեջանին՝ բարդ փոխզիջումների գնալ, ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը Հայաստանի դեպքում, երբ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

- Այն, որ Հայաստանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այստեղ նորությունը միայն այն է, որ Հայաստանը հայտարարել է դրա մասին, որովհետև ՀՀ-ն միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Խնդիրը այստեղ հետևյալն է՝ իսկ ինչպիսի՞ լուծում է լինելու արդյունքում, այսինքն՝ արդյոք տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է, որ հենց վաղը  Ադրբեջանն իր ամբողջական վերահսկողությունն է հաստատելու ողջ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ես չեմ կարծում, որ տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարությունը ենթադրում է այդպիսի բան, ինքնին այդ հայտարարությունը ոչինչ չի ենթադրում և չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի ապագան և կարգավիճակը։ Այսինքն՝ այդ հարցը բաց է մնում․ և փոխզիջումներից երբ խոսվում է, այստեղ կարող է Հայաստանի կամ Ղարաբաղի դիրքորոշումը լինել այն, որ օրինակ՝ Լեռնային Ղարաբաղը չպետք է առնչություն ունենա Բաքվի հետ, բայց արդյունքում պահանջվի կոմպրոմիս և, ի վերջո, այստեղ ԼՂ ժողովուրդը պետք է համաձայնություն տա, ինքն է սուբյեկտը։ Կարող է փոխզիջում լինել, օրինակ, այն, որ ԼՂ-ն ինչ-ինչ առնչություններ  ունենա Բաքվի հետ, այսինքն՝ դե ֆակտո կարող է ինքնակառավարվել, բայց  որոշակի կապեր ունենա Բաքվի հետ և իրավական տեսանկյունից ևս մեկ անգամ ամրագրվի, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, բայց ինքնուրույն միավոր է։ Հնարավոր է, օրինակ, սահմանազատման հարցում Հայաստանի դիրքորոշումը այլ լինի ինչ-որ հատվածում, արդյունքում՝ ինչ-որ կոմպրոմիսային տարբերակ գտնվի, նույնը նաև անկլավների հետ կապված։ Մենք ասում ենք ինչ պետք է զիջենք, ոչինչ չկա զիջելու, բայց հարցն այն է, որ մենք այսօր ապրում ենք չավարտված պատերազմի դարաշրջանում և պետք է կարողանանք չեզոքացնել Ադրբեջանի նկրտումները, և ինչպես ենք պատկերացնում՝ առանց որևէ կոմպրոմիսի հասնելու, չեզոքացնելու Ադրբեջանի նկրտումները․ դրա համար այն, որ Պետքարտուղարությունը խոսում է  կոմպրոմիսի անհաժեշտության մասին՝ չպետք է այդպիսի հայտարարություններին մոտենալ ծայրահեղ քննադատորեն։

- ԱՄՆ պետքարտուղարությունից այսօր հայտնել են, որ  Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն ժամանել է տարածաշրջան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար պայմանները, իրավունքների ու անվտանգության հարցերը․ հնարավո՞ր է այցի ընթացքում փորձ արվի կազմակերպել ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, հաշվի առնելով, որ օրեր առաջ Բաքուն հրաժարվել էր ԱՄՆ միջնորդությամբ նման հանդիպումից։

- Ես չեմ կարծում, որ միայն այդպիսի օրակարգով կարող է պայմանավորված լինել այցը, այն կարող է շատ ավելի լայն լինել։ Ակնհայտ է, որ ինտենսիվ բանակցային գործընթաց է ընթանում և մյուս կողմից էլ ակնհայտ է, որ բանակցություններին զուգահեռ կողմերը շարունակում են ունենալ հակադիր դիրքորոշումներ տարբեր կարևորագույն  հարցերի վերաբերյալ և գումարած՝ մենք ամեն օր ականատես ենք լինում, երբ Ադրբեջանը մաքսիմալիստական, կոշտ քայլեր է անում և որոշակի գործողություններով խաթարում է խաղաղ գործընթացը․ հիմա, որպեսզի մի կողմից շարունակական լինի բանակցային գործընթացը և մյուս կողմից հնարավորինս չեզոքացվի Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականությունը՝ բնականաբար հասկանալի է ամբողջությամբ, որ միջազգային մեդիացիան և տարբեր ինստիտուտների ներկայացուցիչները պետք է ակտիվորեն ներկա լինեն տարածաշրջանում և փորձեն այնպես անել, որ բանակցային գործընթացը չմարի և այս պարագայում չեզոքացվի ադրբեջանական դեստրուկցիան։ Այսինքն՝ ակնհայտ է միջազգային հանրության համար, որ այսօր դեստրուկտիվ կողմը դա Ադրբեջանն է միանշանակ և ակնհայտ է, որ փաստացի Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշման պատճառով է, որ չի ստացվում Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, իսկ դա շատ կարևոր է միջազգային հանրության համար և պատահական չէ, որ միջազգային հանրությունը իր տարբեր ինստիտուտների միջոցով անընդհատ  խոսում է այն մասին, որ չի կարող լուծում  լինել առանց ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման։ Իսկ ինչպես կարող են ապահովվել իրավունքները և անվտանգությունը առանց երկխոսության․ առանց դրա ինչպե՞ս են հարաբերվելու, ինչպիսի՞ կանոններ են հաստատվելու և ո՞նց են չեզոքացվելու Ադրբեջանի  ագրեսիվ նկրտումները, դա անհնարին է։

Եվ այսօր, երբ տեսնում ես, որ Ադրբեջանն ասում է՝ իր համար կա միայն մեկ լուծում՝ կամ ԼՂ բնակիչները պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն և ամբողջապես ենթարկվեն Բաքվին, կամ հեռանան, եթե անընդհատ այդպիսի բան է ասում Ալիևը, բնականաբար եթե դա չչեզոքացվի՝ անհնարին է խոսել ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման մասին։ Այսինքն՝ անհնար է դրան հասնել, ուրեմն չի լինի նաև խաղաղության պայմանագիր, չի լինի կոմունիկացիաների բացում, չի լինի տարածաշրջանային կայունություն, իսկ այսօր մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը շահագրգռված է, որ լինի խաղաղություն, կայունություն և անվտանգություն տարածաշրջանում։

 

Գեղամ Ադյան

 

 

 

 

 

 

 

 

1660