
Araratnews.am-ի զրուցակիցն է սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը։
-Պարոն Խալաթյան, այսօր ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում նշել է, որ Հայաստանին պետք է Անվտանգության խորհրդի բանաձև․ նախ՝ իրավական առումով ի՞նչ է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը և ինչ իրավաքաղաքական հնարավորություններ կտա Հայաստանին Լաչինի միջանցքի բացման հարցում։
ՄԱԿ-ի ԱԽ բանաձևն ըստ էության ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության առարկա հանդիսացող հարցերում հիմնական փաստաթուղթն է, որն ուղիղ իրավական հետեւանքներ է առաջացնում և որի միջոցով, փաստացի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունները։ Բանաձևը, դա, այսպես ասենք, օրենք է կամ ավելի ճիշտ՝ նորմատիվ որոշում, որը որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ուղիղ կատարման ենթակա պահանջ է առաջադրում այս կամ այն պետությանը, և նշանակում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն հարցը համարում է միջազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող, որի կանխարգելումը, հետևանքների վերացումը հանդիսանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի հիմնական լիազորությունը։ Հետևաբար՝ ի տարբերություն քննարկումների ժամանակ ընդունված հայտարարության, որը ԱԽ անդամ պետությունների քաղաքական դիրքորոշումն է ներկայացնում, նույնպես կարևոր է, բայց որպես քաղաքական երևույթ։ Բանաձևը իրավական փաստաթուղթ է, որը լեգիտիմացնում է մասնավորապես Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված։ Առաջացնում է կոնկրետ պարտավորություններ Ադրբեջանի համար, որոնց չկատարումը կարող է առաջացնել նույն Անվտանգության խորհրդի կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառում, ընդհուպ մինչև ռազմական միջամտություն՝ հումանիտար ինտերվենցիա, մարդու իրավունքերի խախտումը վերացնելու համար։
- Եթե այնպես ստացվի, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձև ընդունվի, որով կպահանջվի բացել Լաչինի միջանցքը՝ դա Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը կարո՞ղ է բարձրացնել։
-Նախ՝ Լաչինի միջանցքը արդեն կստանա միջազգային իրավական կարգավիճակ։ Հանուն ճշմարտության պետք է նշել, որ Լաչինի միջանցքի հետ կապված՝ մենք գործնականում չունենք որևէ միջազգային իրավական ակտ։ Իհարկե կան քաղաքական հայտարարություններ, բանակցությունների հիմք հանդիսացող աշխատանքային փաստաթղթեր, որոնցով, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները ճանաչել էին Լաչինի միջանցքի կագավիճակը և կարևորությունը, բայց դա իրավական բնույթի փաստաթուղթ չէ, չէր առաջացնում իրավական հետևանքներ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն իր հերթին ստատուսով ավելի բարձր փաստաթուղթ է, որով հստակ ամրագրված են երեք երկրների դիրքորոշումները, որ միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, Ադրբեջանը պարտավորվում է երկկողմանի երթևեկություն ապահովել, բայց մենք խնդիր ունենք այս հայտարարության իրավական կողմի հետ, որովհետև այն չի հանդիսանում միջազգային պայմանագիր և ներպետական համաձայնեցման ընթացակարգեր չի նախատեսում, մասնավորապես՝ Սահմանադրական դատարան չի մտել, Ազգային ժողովի կողմից չի վավերացվել և այլն։ Եվ այս համատեքստում աննախադեպ կլինի, որ Լաչինի միջանցքի հետ կապված ընդունվի միջազգային պարտադիր նշանակություն ունեցող իրավական ակտ։ Ընդունված է ասել, որ առաջինը, թերևս Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումն է, որտեղ որ Լաչինի միջանցքը ունի միջազգային իրավական ստատուս, բայց Ադրբեջանը հաշվի չի առնում այդ որոշումը, բայց պետք է նշել, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերն ունեն նաև ընդգծված ուժային բաղադրիչներ, քանի որ կառույցը ունի գործիքակազմ, որոնցով կարող է ապահովել այդ բանաձևերի կատարումը, և Լաչինի միջանցքի կարգավիճակի ամրապնդումը դրսևորվելու է նրանով, որ փաստացի աշխարհակարգի հիմնական ուժային կոնսենսուսով ճանաչելու են Լաչինի միջանցքի իրավական կարգավիճակը։ Այսինքն՝ եթե մենք ընդունում ենք, որ տվյալ պարագայում Ադրբեջանի տեսանկյունից ենք նայում՝ պետք է լինի երրորդ երկրի հետ անխափան կապ ունեցող միջանցք, դա նշանակում է, որ Ադրբեջանը չի կարող պնդել, որ չկա Լեռնային Ղարաբաղ՝ որպես քաղաքական միավոր։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը, որպես ինքնորոշված սուբյեկտ ու հատուկ կարգավիճակի հավակնող սուբյեկտ, արդեն պիտի ճանաչվի ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից նման բանաձևի ընդունման պարագայում։
- Ըստ ձեզ, այս պահին քաղաքական և դիվանագիտական առումով Հայաստանի կողմից տարվու՞մ է բավարար աշխատանք ՄԱԿ-ի ԱԽ մշտական և ոչ մշտական անդամ երկրների հետ և հնարավորություն կա՞ ցանկալի արդյունքի հասնել։
- Իհարկե պետք է տեղի ունենան ոչ ֆորմալ քաղաքական և դիավանագիտական բանակցություններ, որպեսզի առնվազն վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական անդամները կողմ քվեարկեն բանաձևին, բայց շատ կարևոր ենդա նաև ոչ մշտական անդամների ձայները, որպեսզի մեծամասնություն ապահովվի և հնարավորություն չլինի բանաձևը տապալելու։ Ես կարծում եմ, որ Հայաստանի կողմից այսօր այդ հարցով ԱԽ-ին չդիմելը պայմանավորված է այն մտավախությամբ, որ կարող է անհրաժեշտ ձայները չհավաքել, բայց դատելով իշխանության ներկայացուցիչների վերջին շրջանում հաճախակիացած հայտարարություններից, որ անհրաժեշտ է դիմել կառույցին՝ կարծում եմ որոշակի հաջողություններ կան բանակցություններում, և դա հույսեր է տալիս, որ դիմելու պարագայում մենք կարող ենք ստանալ ցանկալի արդյունք։ Հակառակ պարագայում՝ եթե, այսպես ասած, մենք ատրճանակը չլիցքավորված կրակենք՝ դա կունենա հակառակ՝ ավելի վատ էֆեկտը և դրա համար պետք է հստակ իմանալ, որ ունենք անհրաժեշտ դաշնակիցներ, որոնք որ կողմ կլինեն բանաձևին։
Գեղամ Ադյան