Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը, որը եփվում էր վերջին շաբաթների ընթացքում, կարծեք, հանգուցալուծվել է ներքաղաքական կոնսենսուսի արդյունքում՝ Հարությունյանը, ըստ Արցախից եկող լուրերի, հրաժարական չի  տա։  «Նախագահի հնարավոր հրաժարականի հարցը  օրակարգային չէ, և հատկապես գիշերվա նիստից հետո Արայիկ Հարությունյանը ստացավ բոլոր քաղաքական ուժերի և նախկին նախագահների միասնական մանդատը՝ ընդունված որոշումների հիման վրա գործելու համար»,- գրել է Արցախի նախագահին մոտ կանգնած հայաստանյան ԶԼՄ-ն՝  հավելելով՝ խորհրդակցությանը ներկա չէր միայն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Այս առումով կարող ենք փաստել, որ ներկայումս Արցախում ձևավորվել է «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը»,-նշել է կայքը։  

 Նկատենք, որ նախագահի  «խոստացված» հրաժարականի մասին շեփորահարողը հենց ինքը՝ Ռուբեն Վարդանյանն էր, որը, հիշեցնենք, ամիսներ առաջ՝ մայիսին, երբ ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հանրահավաք էր հրավիրել և կրկին օրակարգ բերվեց ԱՀ նախագահի հրաժարականի հարցը,   կտրուկ դեմ էր արտահայտվել Հարությունյանի հրաժարականին՝ ազդարարելով՝ «իշխանությունը Արցախում մեկ վայրկյանով անգամ չի կարող գետնին ընկնել։ Արտաքին վտանգի առջև մենք պետք է բացարձակապես միասնական լինենք։ ․․․Պետք է հասկանանք, որ այս պահին մենք չենք կարող մեզ թույլ տալ նույնիսկ սովորական քաղաքական կոնֆլիկտ կամ ճգնաժամ, որոնք նորմալ կդիտվեին մեկ այլ ժամանակահատվածում, քանի որ թշնամին ակնթարթորեն կօգտվի դրանից։ Սա պետք է հասկանան բոլորը՝ և՛ բանավեճեր նախաձեռնողները, և՛ նրանք, ովքեր հրաժարական տալու տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս, և՛ նրանք, ովքեր Հայաստանում իրենց թույլ են տալիս անզգույշ հայտարարություններ անել։ Մենք հիմա մեր Սահմանադրությունից ոչ մի քայլ չենք կարող շեղվել, չենք կարող դուրս գալ իրավական դաշտի սահմաններից։ Եթե մեզ թույլ տանք կասկածի տակ առնել, թե ում իշխանությունն է լեգիտիմ, իսկ ումը՝ ոչ, ապա հենց վաղը թշնամին օգուտ կքաղի դրանից։ Ուստի կոչ եմ անում բոլորին՝ պետության ղեկավարին, խորհրդարանի ղեկավարին, կուսակցությունների ու քաղաքական ուժերի առաջնորդներին և անգամ ինքս ինձ, չտրվել զգացմունքներին և չփնտրել որևէ անսպասելի լուծումներ իրավական դաշտից դուրս։ ․․․Մեզ փորձում են միմյանց դեմ հանել, ստիպել զբաղվել ներքին ինտրիգներով, իրավիճակը հասցնել կրիտիկական կետի։ Եվ ուզում են խանգարել մեզ անել այն, ինչ պետք է անենք։ Պետք է կարողանանք մի կողմ դնել էմոցիաները և իրավիճակին ողջամտորեն ու հանգիստ վերաբերվել։ Մենք պետք է չափազանց բարդ խնդրի լուծում տանք, և այդ լուծմանը հնարավոր է գալ միայն բացառիկ միասնություն և համառություն ցուցաբերելով»,- հայտարարել  էր նախկին պետնախարարը։

Արդ, ի՞նչ է փոխվել անցած երեք ամիսներին, որոնք ստիպել են Ռուբեն Վարդանյանին վերանայել իր վերոնշյալ  դիրքորոշումը, միանալ նախագահի հրաժարականը պահանջողներին, ուլտիմատում ներկայացնել, իսկ երեկ, երբ քննարկվել է «իդեա ֆիքսը»՝  հրաժարականի հարցը, ներկա չգտնվել քննարկմանը։  

Նշենք, որ օրերս Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետորսյանը, դիմելով Հարությունյանի հրաժարականը պահանջողներին, մասնավորապես ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներին, այդ թվում՝  նախկին նախագահներին,  ազդարարել էր՝ հավաքվել Հարությունյանի շուրջն ու միասնական որոշում կայացնել՝ «բացելով բոլոր քարտերը» ստեղծված ծայրահեղ իրավիճակի մասին։  Նրա խոսքով՝  «բոլորով Արայիկ Հարությունյանին դարձրել են նախագահ, այս պատիժը բերել մեր գլխին», սակայն այսօր  պատասխանատվությունից փախչում են։  

 «Մենք էլ ասում ենք՝ Արայիկ Հարությունյանը բոլորի կողմից՝ և՛ թուրքերի կողմից է ճնշված,  և՛ մեր՝ ներքին ճնշման տակ է, նաև՝ ռուսների կողմից է ճնշված։  Այս մարդուն չպետք է թույլ տալ, որ միանձնա որոշում կայացնի, քանի որ շատ ծանր վիճակ է»,- հայտարարել էր արցախցի գործիչը։ Ապա, դիմելով Ռուբեն Վարդանյանին, հարց էր հղել նրան․ «Ռուբեն Վարդանյան, երբ 8 հոգով նստել եք ու (նախագահը) խոստացել է հրաժարական տալ,  հարց եմ տալիս՝ բա ո՞վ լինի նախագահ, կամ՝ կա՞ ինչ-որ մեկը, որ այլ բան է առաջարկում՝ փրկություն, այլ ճանապարհ»։  Պետրոսյանն այնուհետ առաջարկել էր Արցախում հաստատված օլիգախին «պոպուլիստական դվիժենիները» դադարեցնել և  պլան՝ ստեղծված իրավիճակից ելք ու ճանապարհ առաջարկել։ Մի բան, որը, նկատենք,  չունի պարոն Վարդանյանը՝ բացի ռազմահայրենասիրական ոճում շարադրված  վերամբարձ ուղերձները, տարատեսակ շարժումներն ու իրականությունից կտրված «զարգացման ծրագրերը»։   
 

 Տիգրան Պետրոսյանի այս կոչը, որը, ենթադրաբար, թելադրված էր նախագահ Հարությունյանի կողմից,  դատելով քարոզչական հոսքերից, արձագանք է գտել, և Արցախի նախկին նախագահները կոնսոլիդացվել են գործող նախագահի շուրջ (գուցե սա շախմատային քայլ է, որը ունի հեռահար նպատակներ, որոնք կերևակվեն առաջիկա օրերին)։   Այս կոնսոլիդացիան,  ըստ ամենայնի, հստակ հաշվարկով է կատարվել՝ նախ՝ չեզոքացնելու  Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գործոնը, որը իշխանության գալու հստակ հավակնություններ է հայտնել՝ ամիսներ առաջ  առաջարկելով https://www.azatutyun.am/a/32412780.html իրեն պետնախարար նշանակել և 100 օր ժամանակ տալ «իրավիճակը գլխիվայր շրջելու և Արցախը չկորցնելու համար»։  Բաբայանը, նկատենք, ԱՀ ԱԺ-ում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի՝ «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահն է, որի անդամներից մեկը՝ Սեյրան Հայրապետյանը, օրերս ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել էր․ «Եթե մեկ շաբաթվա ընթացքում Սամվել Բաբայանին Արցախի ժողովուրդը չվերապահի համապատասխան իրավասություններ` Արցախը կորսվելու է անվերադարձ»։

  «Միասնական Հայրենիք»-ն էլ,  հիշեցնենք, օրեր առաջ արձագանքելով նախագահի հրաժարականը պահանջած 8 հոգուն, հայտարարել էր․ ««Միասնական հայրենիք» կուսակցությունը ձեռնպահ է մնում ներարցախյան քաղաքական խմորումներից և դրանց գնահատական տալուց, քանի որ դրա գանահատականը օրեր անց գործնականում ժողովո՛ւրդը կտա»։ 
Բաբայանը,  ինչպես հայտնի է, կոնկրետ պլան է առաջարկում, իսկ Հարությունյանի հրաժարականը պահանջող խմբակը ստեղծված իրավիճակից ելք, որպես այդպիսին, չի առաջարկում։  Հակարի կամրջի փակվելուց հետո, ինչպես օրերս հայտարարել էր ՊԲ նախկին հրամանատարը,  իր առաջարկը եղել է ոչ թե Աղդամի ճանապարհով առևտուր անելը, այլ՝ Ասկերանի և Աղդամի սահմանի վրա կենտրոն ստեղծելը, «այսպես ասած՝ «Սադախլո»», որպեսզի կարողանան և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից առևտուր անել՝ կոնֆլիկտի չգնալով, վիճակը չլարելով։  

«Մարդիկ իրենց կարճ խելքով ասում են, թե Բաբայանն առաջարկում է ինտեգրման գնալ։ Ես վստահ ասում եմ, որ ինտեգրման գործընթացը վաղուց է սկսվել և ներկայիս իշխանությունն էլ այս գործընթացի ակտիվ մասնակիցներից է, իսկ միջնորդը ՌԴ-ն է։ Ես իշխանությանը հազար անգամ ասել եմ՝ ծրագիր մշակեք, փաստաթուղթ, որ առաջ գնաք, փաթեթ ունենաք, բայց չէ, իրենց այս վիճակն է ձեռք տալիս, որ այսօր այսպես ասեն, վաղը այնպես անեն»,- հայտարարել էր Բաբայանը։
     
 Ստացվում է, որ կոնսոլիդացիան Արայիկ Հարությունյանի շուրջ նաև այն հիմքով է տեղի ունեցել, որ այլ քաղաքականություն, քան այսօր վարվում է նախագահի կողմից, նրա հրաժարականը  պահանջողները չեն առաջարկում և նրանց ձեռնտու է Արայիկ Հարությունյանին «հանդուրժելը»։  Ի դեպ, ինչպես հայտնեց Արցախի մեր  աղբյուրը՝ Հարությունյանը երեկ կայացած ծանր ու երկարատև քննարկման ժամանակ, որը նմանվել է առերեսման, ասել է՝ ով ինչ առաջարկ, պլան  ունի, թող ներկայացնի, ես կատարողն եմ։ Ապա նշել է՝ եթե չեմ կարողանում  կառավարել,  ապա կարող եմ հրաժարական տալ։  Ոչ ոք  իրավիճակի պատասխանատուի դերը չի ցանկացել իր վրա վերցնել ու, փաստորեն, համաձայնել են Արայիկ Հարությունյանի կողմից իրականացվող քայլերին՝ նրան «լիազորելով» հանդես գալ ամբողջ Արցախի անունից։  
 
Թե ինչ զարգացումներ տեղի կունենան առաջիկայում  և ինչ կվճռվի Արցախի իշխանությունների կողմից՝ կարելի է ենթադրել միայն։  

 Տիգրան Պետրսյանը, ի դեպ,  նախքան երեկ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումը,  հայտարարել էր․ երկու տարբերակ կա՝ համաձայնել Ադրբեջանի առաջարկած ինտեգրացիային, ինչը ենթադրում է, որ իրենց  դրոշը պետք է ծածանվի  Ստեփանակերտում ու արցախցիներին Ադրբեջանի անձնագրեր պետք է բաժանվեն,  ելք, որին,  ըստ Պետրոսյանի՝ մարդ կա, որ համաձայն է (Լավրովի՝ Արցախին առաջարկած   վերջին «պլանը» նույնպես այդ տարբերակի օգտին է), և երկրորդ տարբերակը՝   մերժել ինտեգրացիայի առաջարկն ու պահանջել   հումանիտար միջանցք՝ Արցախից  դուրս գալու համար։ 

Աղբյուր` civic.am

 

810