
«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում իսկապես չափազանց մտահոգիչ է, և ես ուշադիր հետևում եմ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին»։ Այս մասին «Հայպրես» լրատվական գործակալությանը ասել է Գերմանիայի Բունդեսթագի Մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալթը։
Ալթը նշել է, որ իրավիճակը բարելավելու նպատակով քննարկումներ է անցկացնում որոշումներ կայացնողների և հասարակական կազմակերպությունների հետ՝ վստահեցնելով, որ կշարունակի գործադրել բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների ապահովման համար։
«Ճշմարտությունն այն է, սակայն, որ ԵՄ-ն Ադրբեջանի վրա կարող է արդյունավետ ճնշում գործադրել միայն կենտրոնացված ուժի միջոցով: Այստեղ հրատապ անհրաժեշտություն կա Եվրոպական խորհրդի և ԵՄ հանձնաժողովի կողմից շրջափակման քաղաքական ճարտարապետների դեմ անձնական պատժամիջոցներ կիրառելու համապատասխան նախաձեռնությունների համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև ամառային ընդմիջման ավարտից հետո Եվրոպական խորհրդի հովանու ներքո ծրագրված բանակցությունները, իմ կարծիքով, անբավարար միջոց են»,- ասել է Ալթը։