
World population review կազմակերպությունը կազմել է 2023 թվականին հանցավորության մակարդակի աղյուսակն ըստ երկրների, և Հայաստանը հանցավորության մակարդակում զբաղեցրել է 9-րդ տեղը: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն ՝մենք քրեածին իրավիճակի հետ կապված՝ աշխարհի լավագույն երկրների ցանկում իններորդ տեղում ենք: Սա շատ բարձր ցուցանիշ է, բայց մենք այս ցուցանիշից չպետք է նահանջենք, մեր առաջ պետք է խնդիր դնենք՝ ավելի լավ տեղեր զբաղեցնենք»,- ասաց նա և իրավապահ մարմիններին շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար, քանի որ այս ցուցանիշները երկրներին պատիվ են բերում:
Վարչապետը խնդիր համարեց ճանապարհատրանսպորտային պատահարները, դրանց թիվը և նշեց, որ պետք է մտածեն ինչ անեն, որ այս խնդիրը լուծեն:
«Շատ մեծ թվով զոհեր ենք ունենում և այս տարի մեր վիճակագրության մեջ որպես կարմիր տող երևում է ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թվի ավելացումը: Նախորդ տարի նվազում ունեինք նախկինի նկատմամբ, բայց այս տարի խոշոր դեպքեր ունեցանք»,- ասաց նա: