
Կառավարությունը ընդունեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը մինչև 2035 թվականը հաստատելու մասին որոշման նախագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս նախագիծը և նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտից հանրությունը, պետությունը պետք է ստանան հնարավորինս մեծ օգուտ:
«Հանքարդյունաբերությունը պետք է հնարավորինս արդյունավետ կառավարի բնապահպանական ռիսկերը: Պետք է հանքարդյունաբերությունը օր առաջ հնարավորինս արագ մոտեցնել միջազգային լավագույն ստանադարտին և այս առումով ոլորտի կրթությունը պետք է էականորեն զարգացնել»,- ասաց նա:
Վարչապետը շեշտեց, որ հանքարդյունաբերության ոլորտում գործող թիվ մեկ ընկերությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերությունն է: «2021 թվականի նախընտրական մեր խոստման համաձայն՝ ժողովուրդը, ի դեմս կառավարության, փայաբաժին է ձեռք բերել, և որպես առաջնային արդյունք ուզում եմ արձանագրել, որ 2022 թվականին վճարել է ռեկորդային թվով հարկեր՝ 145 միլիարդ 536 միլիոն դրամի, իսկ 2016 թվականին վճարել է 7,8 միլիարդ դրամի հարկ, 2023 թվականի առաջին եռամսյակին կոմբինատը վճարել է 14 միլիարդի հարկ, այսինքն՝ երկու անգամ ավելի շատ, քան 2016 թվականին միասին վերցված»,- ասաց նա: Չնայած դրան՝ նա նկատեց, որ պղնձի միջազգային գները ևս անդրադարձ ունեն այս թվերի վրա:
Ինչ վերաբերում է թվերի աճի դինամիկային, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ հետահայաց նայում ենք իրադարձություններին՝ պարզում ենք, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի ընտանիքը բաժնեմաս է ձեռք բերել կոմբինատից, և հրավիրեց իրավապահ մարմինների ուշադրությունը այս փաստին: Նա նկատեց, որ 2019 թվականից հետո ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կտրուկ աճել են 43 տոկոսով:
«2022 թվականին կոմբինատն ավելի շատ հարկ է վճարել, քան 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին միասին վերցված, դրան նաև գումարած 2020 թվականին վճարած հարկերը: Այսինքն՝ մեկ տարում գործնականում վեց տարվա չափ հարկ է վճարել»,- ասաց նա: Վարչապետը կարևորեց նաև ուշադրությունը պոչամբարների վերամշակման խնդրին: