Անջատում՝ ումի՞ց, ինքնորոշում՝ որտեղի՞ց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր խնդիրը միշտ դա է եղել, երբ մենք արձանագրել ենք ճշմարտության կամ բանաձևի մի հատվածը»,- ասաց նա և նշեց, որ կարևոր են համարում մարդու, քաղաքացու հետ զրույցը և անկեղծ են այդ զրույցում:
«Մեր գործողություններում, հրապարակային հայտարարություններում ոչ մի թակարդ և ոչ մի կեղծիք չկա»,-ասաց նա և հավելեց, որ չի հիշում իր քաղաքական կյանքում մի նախադասություն հանրության հետ խոսակցության ընթացքում, որում լիարժեք անկեղծ չի եղել:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին անդամակցությանը՝ նա ասաց, որ «մեր ընկալմամբ՝ ՀԱՊԿ-ն է դուրս եկել կամ դուրս է գալիս ՀՀ-ից»: «Եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, որ ՀՀ-ն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, նկատի ունեմ առաջին հերթին կազմակերպության ունեցած պարտավորությունները»,- ասաց նա:
ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին նա հավելեց. «Ես չեմ բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել: Այսինքն, եթե մեր արձանագրումը լինի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, ՀԱՊԿ անդամի դե յուրե և ոչինչ չտվող կարգավիճակն ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել»,- ասաց նա: