Հայաստանում շահումով խաղերի ոլորտում աճ նկատվելու հետ մեկտեղ դրա մասնաբաժինը ծառայությունների ոլորտում այլևս մեծ չէ:

 «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

«Վիճակագրության տեսանկյունից միտումը դանդաղում է: Հիշեցնեմ, թե ոլորտն ինչ աստիճանի մեծ աճ էր ունենում: Օրինակ՝ 2016 թվականին ՀՆԱ-ն ընդամենը 0.2 տոկոսով աճել էր, իրականում, եթե շահումով խաղերի ոլորտի աճը չլիներ, մենք ռեցեսիայի մեջ էինք փաստացի լինելու: Այսինքն՝ ոլորտի աճը մյուս ոլորտների նկատմամբ տարիներով շատ բարձր է եղել: Այս ամիսներին ընդհանուր ծառայությունների ոլորտն աճել է 14 տոկոսով, իսկ շահումով խաղերի ոլորտը՝ 7 տոկոսով: Չնայած նրան, որ աճը կա, սակայն այլևս այն աճը չէ, որ ծառայությունները քարշակող ոլորտը լինի»,-ասաց Ավագ Ավանեսյանը:

Օրինակ՝ կացության ծառայություններն աճել են 30 տոկոսով, տեղեկատվական ծառայությունները՝ 51 տոկոսով, տրանսպորտը՝ 30 տոկոսով, վարչական օժանդակ ծառայություններն աճել են 7 տոկոսով, կրթությունը 10 տոկոսով է աճել և այլն:

Ավանեսյանը հավելեց՝ կարելի է առնվազն փաստել, որ այլ ծառայությունների համեմատ՝ շահումով խաղերի ոլորտն այլևս ամենաարագ աճող ոլորտներից  չէ:

Սակայն ոլորտն աճի մակարդակով ամենավերջինը չէ: Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտն ավելի դանդաղ է աճել, քան շահումով խաղերի ոլորտը:

«Տնտեսական արագընթաց աճի ժամանակ մի քիչ տարօրինակ կլիներ, որ սա, որը զվարճության ոլորտի մաս է հանդիսանում, աճ չունենար: Ավելին՝ համաշխարհային թրենդը շարունակում է միջինում 10 տոկոս աճել, հիմա աճը 10-15 տոկոս է»,- ասաց փոխնախարարը:

Թեև ոչինչ բացառել հնարավոր չէ, մինչև տարեվերջ ցուցանիշը կարող է փոխվել, ոլորտը կարող է անսպասելի  աճ ունենալ, բայց պետությունը նկատում է, որ միտումը սկսում է դանդաղել:

Ավանեսյանն ասաց, որ Ֆինանսների նախարարության քաղաքականությունն է փորձել ոլորտը պահել թափանցիկ, օրենսդրական կանոնների շրջանակներում, նվազեցնել դրա սոցիալական վնասները, այլ ոչ թե փորձեն ընդհանրապես արգելել:

 «Միակ ձևը, որ խաղամոլները չխաղան՝ արգելելն է: Բայց դա էլ ուրիշ բանի է բերում: Արգելանքը բերում է նրան, որ նրանք գնում ու սկսում են կրիմինալ մարդկանց մոտ խաղալ: Սև շուկա է ձևավորվում և այդ սև շուկայում այնպես է ձևավորվում, որ սոցիալական այն մասերը, որոնք օրենքից դուրս են գործում, իրենք սկսում են հարստանալ և իրենց ազդեցությունը հասարակության վրա աճում է, որից պետք է ամեն գնով խուսափել»,- ասաց Ավանեսյանը:

Պետությունը  փորձում է կարգավորումները խստացնել, բայց ոչ այնքան, որ մարդիկ գնան մտնեն «սև շուկա» կամ, օրինակ, օտարերկրյա կայքերում սկսեն խաղալ, որոնք ՀՀ-ում լիցենզավորված չեն:

«Եթե օրենք ընդունենք, որ փակում ենք խաղերը, խաղամոլությունը 100 տոկոսով չի վերանալու: Մի մասը գնալու են տարբեր եղանակներով դրսի կայքերում խաղան, որով մենք գումարը դուրս ենք տանելու: Կարող եմ թվել մի քանի երկրներ որտեղ օրենքով արգելված է խաղամոլությունը, որոնց քաղաքացիները խաղում են այլ երկրներում այդ թվում նաև Հայաստանում»- ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

460