Այս շրջանում բուժհաստատություններն աշխատում են ծանրաբեռնված: Շրջանառվում է ինչպես գրիպը իր ենթատեսակներով, այնպես էլ կան հաստատված կորոնավիրուսային վարակի դեպքեր,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը՝ խոսելով հիվանդանոցներում սեզոնային գրիպով պայմանավորված իրավիճակի մասին։
Նա հավելեց, որ այս պահի դրությամբ շարունակվում է գրանցվել սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների աճ, և անցյալ տարվա համեմատությամբ այս տարի ավելի մեծ է վարակի տարածումը։
Ռիմա Այվազյանի խոսքով՝ Ինֆեկցիոն ազգային կենտրոնում բավականին մեծ քանակությամբ մանկահասակ երեխաներ կան, որոնք ստանում են համապատասխան բուժում, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցողները և հղիները նույնպես ստանում են ստացիոնար բուժում, իսկ մահվան դեպք չի գրանցվել:
«Առաջին հերթին ընդհանուր թուլությունն է, բարձր ջերմությունը, գլխացավը, հոդամկանացավերը, հնարավոր է նաև քթից արտադրություն, կոկորդի ցավ, հազ։ Հենց առաջին օրից սկսած անհրաժեշտ է, որ քաղաքացիները պահպանեն որոշակի զգոնություն, եթե ունեն նման գանգատներ, չհաճախեն ընդհանուր կոլեկտիվներ, աշխատեն հնարավորինս սահմանափակել շփումները այլ մարդկանց հետ, տնային պայմաններում փորձել մեկուսանալ, կամ եթե անգամ ունեն դուրս գալու անհրաժեշտություն՝ պահպանեն անհատական պաշտպանիչ միջոցները՝ կրեն դիմակ, հաճախակի օդափոխեն սենյակը, խուսափեն մարդկային կուտակումներից, խմեն առատ հեղուկներ և օգտագործեն ջերմիջեցնողներ, եթե գանգատները պահպանվում են երեք և ավելի օր՝ այդ դեպքում պետք է դիմել տեղամասային բժշկին, որպեսզի ստանան անհրաժեշտ խորհրդատվություն և համապատասխան բուժում»,- ասաց Ռիմա Այվազյանը:
Նա նաև հորդորեց քաղաքացիներին, որ չզբաղվեն ինքնաբուժությամբ, չօգտագործեն հակաբիոտիկներ, քանի որ առաջին հերթին հակաբիոտիկները արդյունավետ չեն ազդում վիրուսային հիվանդությունների դեպքում, կարող են վնասել և հետագայում ավելի լուրջ խնդիրներ առաջացնել:
Զրուցեց Սիլվի Պետրոսյանը