

Երեկ երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում վթարվել է Քանաքեռավան ամառանոցային տարածքի գետի ափամերձ հատվածի սողանքային հատվածով անցնող Արզնի 2-Երևան ջրատարը, որի միջոցով իրականացվում է Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների մոտ 25 տոկոս բաժանորդների ջրամատակարարումը: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել են Տիգրան Ավինյանին:
Քաղաքապետին նաև զեկուցեցին, որ հողի շերտերի փլուզման հետևանքով փոխվել է գետի հունը, որի հետևանքով անանցանելի է ջրագծին մոտեցող ճանապարհը և ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի հետևանքով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքները:
Տիգրան Ավինյանը ցանկացավ ճշտել` արդյոք դա այն հատվածն էր, որ Երևանից դուրս էր, ու մի ժամանակ այնտեղ նաև շինաղբ էին թափում:
«Այո, դա վերաբերում է Քանաքեռավանին հարող հատվածին, մեկ տարի առաջ այդտեղ լանջ է փլուզվել, փոխել հունը, հիմա մի քիչ ներքև, որտեղ «Վեոլիան» տեղափոխել էր խողովակը, շինաղբով չի պայմանավորված, ուղղակի դրանք սողանքային լանջեր են: Հիմա շինաշխատանքները պետք է կատարվեն ամբողջ ծավալով. կամ պիտի վերատեղադրվի խողովակը, կամ փոխվի հունը: Մենք Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի հետ այնտեղ կլինենք, կտեղեկացնեմ ընթացքի ու արդյունքների մասին»,- զեկուցեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Մանրամասները տեսանյութում