Ես նկատել եմ, երբ 2018 թվականին, երբ հայտարարեցինք, որ մեր քաղաքականությունն է, որբուժման կարիք ունեցող ոչ մի քաղաքացի հիվանդանոցի դռներին չմնա, դրանից հետո ժամանակ առ ժամանակ հայտնվում են հրապարակումներ, որ այսինչ հիվանդանոցում ասում են պետպատվերը վերջացել է: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այդ թեման իրեն հուզում էր: «2018 թվականից հետո պետպատվերի մեխանիզմները լավարկել ենք և 2023 թվականին ֆինանսավորումը համարյա կրկնապատկել ենք՝ 176 տոկոսով ավելացրել ենք»,- ասաց նա և հավելեց, որ նախկինի համեմատ ավելի շատ մարդ է օգտվում այդ ծրագրից, և 2018 թվականի առաջին եռամսյակում սպասարկվել է 28 972 մարդ, 2024 թվականին՝ 84 374, և համարյա եռապատկվել է այն մարդկանց թիվը, որ բյուջեի հաշվին ստանում են բուժսպասարկում:

Վարչապետն ասաց, որ մարդկանց այդ հոսքն այնքան մեծ է, որ պետական բյուջեն չի հասցնում: Նշենք, որ կառավարությունը քննարկում է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է առողջապահական համակարգի կազմակերպություններին ֆինանսական աջակցության հատկացմամբ, ծախսերի փոխհատուցմամբ, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ կազմակերպման ապահովմամբ:

554