ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 17-ին ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը։

Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ չափազանց կարևորում է Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ԵԽ ծրագրերի դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, անդրադարձել ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումներին, ինչպես նաև վերջին շրջանում լրագրողների մասնագիտական գործունեության առերևույթ խոչընդոտման դեպքերին։

Անահիտ Մանասյանը շեշտել է, որ նշված հարցերն իր աշխատանքի առաջնային ուղղություններից են և գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում։ Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդմանը, որտեղ մանրամասն վերլուծված են դրանցից յուրաքանչյուրը։

Մաքսիմ Լոնգանգեն իր հերթին բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը միտված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ավելի ամուր համակարգ ունենալուն։

Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները։

351