Բելառուսը Հայաստանին հրավիրել է մասնակցելու երկրի անկախության օրվան նվիրված Մինսկում նախատեսված տոնական շքերթին, սակայն հայկական անձնակազմը չի ժամանել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
Բելառուս պաշտոնյան ենթադրել է՝ հայկական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Մինսկի տոնակատարությանը «մտացածին պատճառաբանությամբ»։
«Հայաստանը ևս հրավիրված էր, բայց ինչ-որ մտացածին, ամենայն հավանականությամբ, սուբյեկտիվ պատճառներով, մենք հասկանում ենք, թե որոնք են այդ պատճառները։ Ցավոք, Հայաստանի պատվիրակությունը, Հայաստանի անձնակազմերը չեն ժամանել շքերթին մասնակցելու»,- Վոլֆովիչի խոսքերն է մեջբերում BelTA պետական գործակալությունը։
Մինսկում այսօր նաև ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստ է գումարվել, որին ևս Հայաստանը չի մասնակցել։