Կարեւորում եմ ձեր այցը մեր երկիր: Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ հարաբերությունները ջերմ են եւ բարեկամական. ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը:

Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Սարգիս Խանդանյանն առաջարկել է զարգացնել համանուն երկու հանձնաժողովների միջեւ գործակցությունը, որն արժանացել է հյուրերի հավանությանը:

Հանձնաժողովի նախագահն արժեւորել է հայ-նիդերլանդական փոխգործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում:

Հայ խորհրդարանականները ներկայացրել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներից, այս հարցում Հայաստանի կառավարության ջանքերից:

Հուլիսի 9-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Էդուարդ Աղաջանյանը եւ Լենա Նազարյանը:

442