Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախօրեին իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրիկի և ակցիա իրականացնող մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել միջադեպ: Azdagir-ը միջադեպի վերաբերյալ փորձել է մեկնաբանություն ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Միջադեպի ընթացքում հնչել են վիրավորանքներ: Ինչպե՞ս Մարդու իրավունքների պաշտպանը կմեկնաբանի այդ հանգամանքը: Ինչպե՞ս եք վերաբերվում պաշտոնատար անձանց ծնողների, երեխաների թիրախավորմանը:

Բնականաբար, Մարդու իրավունքների պաշտպանը ծնողի, երեխայի թիրախավորմանը վերաբերվում է բացասաբար: Կան արժեքային հարցեր, որոնք անկախ քաղաքական իրավիճակից ու հանրային տրամադրություններիցպետք է մշտապես էթիկական ու բարոյական կարմիր գծեր լինեն: Հանրային պատշաճ միջավայր ունենալու տեսանկյունից նման արժեքային հարցերի շուրջ անհրաժեշտ է հանրային, քաղաքական կոնսենսուս, որն այսօր ցավոք, չունենք: Պետք է ամեն ջանք գործադրել առնվազն նման հանրային սոլիդարության միջավայր ձևավորելու համար: Ինչ վերաբերում է հանրային խոսքում և քաղաքական բանավեճերում վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող և ատելության խոսքի գործածմանը, դրանց վտանգավորությանը Պաշտպանը անդրադարձել է բազմիցս ընդգծելով, որ դրանք խաթարում են հանդուրժողականության միջավայրն ու մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը:

Տեսանկարահանում իրականացնող անձն արտահայտություն է անում պատգամավորի հոր ինքնության վերաբերյալ: Դա մարդու իրավունքների տեսանկյունից նորմա՞լ է:

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է նշել, որ կանայք մեր հասարակությունում չափազանց շատ են թիրախավորվում և դրա համար օգտագործվում են առանձնահատուկ միջոցներ, այդ թվումկնոջ շուրջ խարանի, ամոթի միջավայր ձևավորելու նպատակով: Սա կանանց իրավունքների խթանման ոլորտում առկա ամենալուրջ խնդիրներից է Հայաստանում, երբ զգայուն հարցերի շուրջ գոյություն ունեցող կարծրատիպային պատկերացումներն օգտագործվում են կնոջը խոցելի դարձնելու նպատակով: Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ կնոջ արտաքինը, ամուսնական, ընտանեկան կարգավիճակը, անձնական հանգամանքները և դրանց շուրջ առկա կարծրատիպային պատկերացումներն անձանց թիրախավորելու նպատակով օգտագործելը հակասում են կանանց իրավունքների ոլորտում առկա բոլոր ժամանակակից չափանիշներին: Այդպիսի խոսքն ու գործելակերպը Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում: Դրանք ոչ միայն ազդում են կոնկրետ անձի իրավունքների պաշտպանության վիճակի վրա, այլև խորացնում են հասարակության մեջ առկա կարծրատիպերը զգայուն հարցերի առնչությամբ նպաստելով կոնկրետ խումբ անձանց թիրախավորմանն ու իրավունքների խախտմանը։ Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես կարևորում է, որ հանրային դաշտում և քաղաքական բանավեճի շրջանակներում ապահովվի հարգանք մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ։

264