Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում շնորհավորել է Աշխատավորների միջազգային օրը՝ ընտանիքի մասին ուշագրավ պատմություն ներկայացնելով:

«Ղարաբաղյան առաջին պատերազմի օրերին հայրս սահմանային հատվածում խրամատ էր փորում, Կապանի բազմաթիվ այլ տղամարդկանց հետ: Երբ պատերազմը ավարտվեց նրան առաջարկեցին նպաստ ձևակերպել, որպես պատերազմի մասնակից: Հայրս հրաժարվեց, քանի որ ռազմական գործողություններին չէր մասնակցել: Նույնիսկ խիստ վիրավորվեց և նեղացավ այն մարդկանցից, ովքեր նույն տեխնիկական աշխատանքը անելով, գրանցվեցին որպես մասնակից և ստանում էին նպաստ: «Ո՞նց են նայելու հայր կորցրած էրեխեքին»,-ասում էր հայրս:

Երեք փոքր երեխա ունեցող ընտանիքին այդ նպաստը շատ կօգներ: Բայց հայրս նախընտրեց ծանր աշխատանք կատարել: Մորս հետ գիշերները հողաթափեր էին կարում, իսկ ցերեկը` հայրս նկարում էր պատվերներ: Պատվիրում էին զոհվածների դիմանկարներ, իսկ նա տանջվում էր հոգեպես: Հոգեմաշ ու տանջալից փող էր դա:

Այսպես մեծացրեցին մեզ, ազնիվ ու արդար աշխատանքով: Իմ ընտանիքում աշխատանքը շատ կարևոր է եղել միշտ:

Այսօր Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին այս օրվա կապակցությամբ»,- գրել է նա:

506