Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արեց Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում, պաղեստինցիներին օգնելու համար, այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչին արձագանքել է Իսրայելի ԱԳ նախարարը՝ սպառնալով Իրաքի սպանված առաջնորդ Սադամ Հուսեյնի ճակատագրով։


Արևելագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Թուրքիայի և Իսրայելի միջև այս պահին բախման հնարավորություն չկա․ «Դա պարզապես նախազգուշացնող հայտարարություն է և Թուրքիայի կողմից Պաղեստինի որպես անվտանգության առանցքային երեաշխավորը լինելու դիրքավորում պարզապես, որովհետև Թուրքիան բնականաբար չի կարող գնալ նման առճակատման՝ հաշվի առնելով դրա բոլոր հետևանքները ոչ միայն Իսրայելի հետ հարաբերությունների, այլ նաև Թուրքիա-Արևմուտք և հատկապես Թուրքիա-ԱՄՆ հարաբերություների վրա։ Իսկ ինչ վերաբերում է համեմատականներին Արցախի ու Լիբիայի հետ՝ պետք է հաշվի առնել, որ Անկարան այդտեղ ընդամենը ջութակի դերում է եղել ու որպես այդպիսին հիմնական մարտնչող ուժը Լիբիայում եղել են հիմնականումՍիրիայից հավաքագրված վարձկանները, իսկ Արցախի պարագայում ադրբեջանական բանակը և դրանց հետ դարձյալ վարձկաններ, որ բերվել էին Թուրքիայի կողմից»։


Հարցին՝ հնարավո՞ր է Իսրայելը լայնածավալ հարձակում սկսի Լիբանանի ուղղությամբ, Պետրոսյանը պատասխանեց․ «Վերջին օրերին բավականաչափ լարվել է իրավիճակը երկու երկրների միջև՝ պայմանավորված Գոլանի բարձրունքներում տեղի ունեցած միջադեպով, որի ընթացքում խաղաղ բնակիչներ էին զոհվել, չնայած պետք է նշել, որ միջադեպը ամբողջովին հետաքննված չէ և հավանական է, որ տեղի ունեցածը հետևանք է իսրայելական զինված ուժերի գործողությունների, այլ ոչ «Հըզբոլլահ» խմբավորման կողմի թիրախավորման․ ընդհանուր առմամբ նշեմ, որ իմ գնահատմամբ Իսրայելը ունի խնդիր այս պահին նաև «Հըզբոլլահ»-ի ուղղությամբ ռազմավարական խնդիրներ լուծելու և դա դեռ կար այն ժամանակ, երբ հարձակում սկսեց Գազայի հատվածում․ այսինքն՝ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում ակնհայտ է, որ Իսրայելը ձգտում է էականորեն փոխել սեփական անվատանգային մարտահրավերները՝ պայմանավորված Գազայի հատվածում «Համաս» խմբավորման դերակատարմամբ և Լիբանանում «Հըզբոլլահ»-ից բխող սպառնալիքներով»,- ասաց նա, նշելով, որ չի բացառվում Թուրքիայի հաջողումը, որովհետև, չնայած միջազգային ահռելի ճնշմանը, Իսրայելը շարունակում է պատերազմը Գազայում և թիրախային գործողությունները Լիբանանում՝ «Հըզբոլլահ»-ի դեմ։


Պետրոսյանը նշեց, որ Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում Իսրայելի հետ լարվածության ֆոնին ինչ-որ խնդիրներ լինելը չի կարելի բացառել․ «Բայց քանի դեռ աշխարհը նման շրջափուլում է գտնվում՝ ես վստահ եմ, որ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները որպես ռազմավարական օրինակելի հարաբերություներ շատ ավելի խորանալու են, որովհետև այդ ուղղեգիծը առաջնահերթ անհրաժեշտ է Թուրքիային իր ռազմավարական խնդիրերը լուծելու համար, որն է՝ նոր ձևավորվելիք աշխարհակարգում թյուրքական բևեռի ստեղծումը, որտեղ Ադրբեջանը կարևոր դերակատարում ունի»։
 

544