Ռուսաստանի Պետդուման ցանկանում է ՌԴ քաղաքացիություն ստացածների զինվորական ծառայության ժամկետը հասցնել երկու տարվա։
Այս մասին ասվում է խորհրդարանի ստորին պալատի կայքում։ Բացի այդ, առաջարկվում է բարձրացնել միգրանտների զորակոչային տարիքը, իսկ թե քանի տարով՝ չի հաղորդվում։
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկում է «նախաձեռնություն պատրաստել», որը վերաբերում է զինվորական գրանցմանը և օտարերկրացիներին։
«Ենթադրվում է, որ ՌԴ քաղաքացիություն ընդունելու պայման կարող է լինել զինվորական հաշվառումը, որը տեղի կունենա անձնագիր ստանալու հետ միաժամանակ»,- հայտնում է մամուլի ծառայությունը։
Հունվարին Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինա կռվելու մեկնող օտարերկրացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին։
Ռուսաստանում պարբերաբար հարձակումներ են տեղի ունենում միգրանտների վրա. նրանց բռնում են շուկաներում, շինհրապարակներում, հանրակացարաններում, մզկիթներում և այլ հասարակական վայրերում: Անվտանգության ուժերը զինկոմիսարիատների աշխատակիցների հետ կազմակերպում են ռեյդեր՝ տեղում բռնվածներին ծանուցագրեր հանձնելով կամ անմիջապես հանձնելով զինկոմիսարիատ։
Հունիսին Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն ասել էր, որ ուժայինները «բռնացրել են» ավելի քան 30 հազար մարդու, որոնք վերջերս ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն և չեն գրանցվել զինվորական ծառայության մեկնելու համար։ Նրա խոսքով՝ նրանցից 10 հազարն ուղարկվել է ռազմաճակատ։