Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև։ Մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև՝ մեր մոլորակին մոտենալով մոտ 40 միլիոն կմ։ Վեներան անզեն աչքով դիտել հնարավոր կլինի միայն նոյեմբերին։

Այս մասին հայտնել են ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Արևա-երկրային ֆիզիկայի ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայում։

«Վեներայի ստորին միացումը (աստղագիտության մեջ հենց այդպես է կոչվում այս իրադարձությունը) տեղի է ունենում միջինում 584 օրը մեկ անգամ և վերջին անգամ տեղի է ունեցել դեռևս 2025 թվականի մարտին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ստորին միացման ժամանակ Վեներայի և Երկրի միջև հեռավորությունը կրճատվում է մինչև մոտ 40 միլիոն կմ։ Համեմատության համար մոլորակի առավելագույն հեռացման դեպքում այս ցուցանիշը հասնում է 260 միլիոն կմ-ի։

Չնայած Երկրին Վեներայի մոտ լինելուն՝ առաջիկա օրերին այն երկնքում տեսնել չի հաջողվի։ Այժմ մոլորակը գտնվում է Արեգակին չափազանց մոտ, սակայն նրա լուսավորված կողմն ուղղված է Երկրին հակառակ ուղղությամբ։ Այդ պատճառով Վեներան մութ է թվում նորալուսնի ժամանակ Լուսնի նման։

Վեներան անզեն աչքով տեսնել հնարավոր կլինի նոյեմբերի մոտավորապես երկրորդ շաբաթվանից։ Այդ ժամանակ մոլորակը հորիզոնում կսկսի հայտնվել Արեգակի ծագումից կարճ ժամանակ առաջ և տեսանելի կդառնա որպես առավոտյան աստղ։

Առավելագույն պայծառության Վեներան կհասնի նոյեմբերի վերջին օրերին։ Նրա փայլը կկազմի մոտ մինուս հինգերորդ աստղային մեծություն, ինչի շնորհիվ այն կդառնա գիշերային երկնքի ամենապայծառ օբյեկտը Լուսնից և Արեգակից հետո։

Վեներայի հաջորդ ստորին միացումը Արեգակի հետ սպասվում է 2028 թվականին։

63