Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպույան նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մեկամյա տարելիցի կապակցությամբ

-Պարո՛ն Գրիգորյան, մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ռազմական գործողություններն իրենց բնույթով և դրանց հետևանքներն արդեն մեկ տարի է ինչ տեղական և միջազգային մակարդակներում բնութագրվում են որպես էթնիկ զտում և բռնի տեղահանում։ Ինչպիսի՞ն է այս իրադարձությունների՝ Ձեր որակավորումը։ 

 

  • 2023 թ․ սեպտեմբերի 19-ին սկսված և մեկ օր տևած ռազմական գործողությունները կարելի է համարել ադրբեջանական հայատյացության ռազմականապես արտահայտված վերջին խոշորամասշտաբ քայլը, որի գլխավոր նպատակն էր Արցախի հայաթափումը և արցախահայության եթե ոչ ֆիզիկական, ապա գոնե թե բարոյահոգեբանական ոչնչացումը։ Ադրբեջանին ամենևին խորթ չէ հայության նկատմամբ ուղղակի ֆիզիկական հաշվեհարդարը։ Այս են ապացուցել 1920 թ․ Շուշիի կոտորածը, 1992 թ․ Մարաղայի կոտորածը և տեղական բնույթի բազմաթիվ դրվագներ։ Սակայն ժամանակի ընթացքում Ադրբեջանը կարծես թե յուրացրել է զանգվածային բնաջնջման նորագույն տեխնոլոգիաները և ֆիզիկական բնաջնջման հստակ գործողությունները փաթեթավորել «բնապահպանական պայքարով» կամ այլ սարկաստիկ որակումներով՝ կենտրոնում ունենալով արցախահայության ուղղակի ոչնչացման գերնպատակը։ Այլ կերպ անհնար է բնորոշել, օրինակ, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը, որը նախորդել էր սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններին։ Հաշվի առնելով վերջին տարիների ադրբեջանական քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, այն միանշանակ կարելի է և պետք է բնորոշել որպես մեկ էթնոսի նպատակային  վերացում՝ ցեղասպանություն։ 

-Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ վերջին տարիների  ադրբեջանական քաղաքականությունը որպես ցեղասպանություն բնորոշելով՝ անհրաժեշտ է նաև ակնկալել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի» դրույթների կիրառականությունը տվյալ խնդրի նկատմամբ։ 

 

  • Նախ եկեք ընդհանրաբար վերհիշենք, թե ինչ է ենթադրում «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան»։ Կոնվենցիան ցեղասպանություն է համարում այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։ Ապա մի քանի կետերով հստակեցվում են ցեղասպանական արարքները։ Տվյալ կետերի և Լեռնային Ղարաբաղի իրողությունների պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ 5 կետերից առնվազն 4-ը կատարվել են արցախահայության հանդեպ, որի գլխավոր նպատակն է եղել, կրկնում եմ, արցախահայության համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որն անհնար կդարձնի վերջիններիս բնականոն կյանքը տվյալ տարածքում։ 

 

  • Ձեր ղեկավարած իրավապաշտպան միությունն իր առանցքում դրել է Լեռնային Ղարաբաղի հայության ոտնահարված իրավունքների պաշտպանության խնդիրը նաև միջազգային հարթակներում։ Ի՞նչ կարող ենք արձանագրել այս առումով։ 

 

  • Այո՛, «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունն իր ուշադրության կենտրոնում է պահում մեր իրավունքների մասին միջազգային բոլոր հնարավոր հարթակներում բարձրաձայնման և դրանց վերականգնման անհրաժեշտության հանրայնացման խնդիրը։ Մեր պահանջները ձևակերպելիս մենք հենվում ենք միջազգային այնպիսի իրավահամակարգերի վրա, ինչպիսիք են միջազգային սովորույթային իրավունքը, միջազգային մարդասիրական իրավունքը, Մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Նշված բոլոր փաստաթղթերի հիմքով կարող ենք միանշանակ արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների արդարացի վերականագնումը ադրբեջանական հայատյացության պայմաններում միջազգային ամուր և վստահելի երաշխիքներով չունի այլընտրանք։ Մենք փորձում ենք միջազգային հանրության ուշադրությունը սևեռել մարդկության դեմ գործված նման հանցանքների հանդեպ պատժի և պատասխանավության անհրաժեշտ մեխանիզմների ձևավորման խնդրի վրա, որոնք իրապես կարող են կանխարգելիչ դեր ունենալ ապագայում նման հանցանքների կանխման համար։ 

 

  • Որքանո՞վ եք իրատեսական համարում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների վերականագնումը մոտ ապագայում և ի՞նչ ուղերձ կհղեք մեր հայրենակիցներին։ 
  • Այսօր, երբ աշխարհը նույնպես իրապես խոշոր ցնցումներ է ապրում միջազգային իրավականության առումով, բարդ է կարճաժամկետ լուծումների մասին խոսելը և կամ շուտափույթ իրավական լուծումներ ակնկալելը այնպիսի խնդիրների համար, որոնք առաջացել են ուժի կիրառումից։ Սակայն մենք համոզված ենք, որ արցախահայության խնդիրը պետք է մշտապես մնա միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, պետք է քննարկվի տարբեր հարթակներում, ինչին էլ ձգտում է մեր միությունը։ Մենք լիարժեք գիտակցում ենք, որ մեր խնդրի իրավական հիմքերն ամուր են: Այսօր, առավել քան երբևէ, արցախահայությունը կարիք ունի համախմբման մեր իրավունքների վերականագնման, անվտանգ և արժանապատիվ վերադարձի, մեր բնական պատմական միջավայրում՝ Լեռնային Ղարաբաղում ապրելու գաղափարի շուրջ։ Ես իմ հարգանքի տուրքն եմ մատուցում արցախահայության կյանքի  իրավունքի պաշտպանության և Լեռնային Ղարաբաղում ազատ ապրելու համար իրենց կյանքը զոհաբերած իմ հայրենակիցների անմար հիշատակին։ Նման դժվարին օրերին մենք առավել ևս պետք է գիտակցենք համախմբված ապրելու և հանրային ու հասարակական պահանջը միջազգային քաղաքական օրակարգ տեղափոխելու կարևորությունը։
     
608