Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես հայտնի է, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով խորհրդարանում անցկացվել է «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում, որը նախաձեռնել էր խորհրդարանական ընդդիմությունը:

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիրների այս նախաձեռնությանը, նկատում է՝ եթե հարցը բարձրացնողներն ընդդիմադիրներն են, ապա առաջին հերթին նրանք բարձրացնում են, այսպես կոչված, ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը:

«Բազմիցս իրենք խոսել են այդ մասին, Ազգային ժողովում էլ մի քանի անգամ շեշտվեց, որ նաև Գեղամ Մանուկյանի եղբայրն է գերիների շարքում, և այս պայքարը նաև նրա եղբոր համար է»,- ասում է քաղաքագետը՝ շեշտելով, որ գերիների հարցը չպիտի նման քննարկումների առարկա դառնա, քանի որ Հայաստանում չկա գեթ մեկ հայ, որը չի ուզում գերիների՝ օր առաջ վերադարձը:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմադիրները սկսել են այդ հարցը ԿՈՊ29-ի համատեքստում շահարկել, Մկրտչյանը ասում է, որ նման նախապայման հայկական կողմը դրել է ադրբեջանական կողմի առաջ՝ մասնակցել ԿՈՊ29-ին այն դեպքում, երբ բոլոր ռազմագերիները և այլ պահվող անձինք ազատ կարձակվեն:

«Հիմա ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ է այս աղմուկը: Մոտենում ենք 2026-ին, ակնհայտ է, որ ներքաղաքական տիրույթում իրենք իրենց սպառել են, այլ թեմա չկա, կրկին գերիների թեման են առաջ բերում՝ հաշվի չառնելով, որ կարող է այս խոսակցությունը վնասել հենց գերիներին՝ թե՛ վերադարձի, թե՛ Բաքվում նրանց կեցության պայմանների առումով, և այդպես շարունակ»,- տեսակետ է հայտնում նա:

Վերջինս հարցադրում է անում՝ ինչո՞ւ են նոր հիշել գերիների մասին, ապա նկատում է. «2021 թվականի ընտրություններից հետո խորհրդարանում այսպիսի դասավորվածություն ունեինք, ինչո՞ւ սրանից 2, 4 ամիս, 2 տարի առաջ չէր բարձրացվում հարցը, կամ ինչո՞ւ խորհրդարանում ներկայացված «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ներկայացուցիչ Արթուր Վանեցյանը գործի չդրեց իր ձեռքի տակ եղած, այսպես կոչված, լծակները, որ ընտրություններից առաջ թափահարում էր օդում: Սա անպտուղ, անիմաստ զրույց է, որը ոչ մի օգուտ չի բերելու առաջին հերթին գերիներին»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

512