Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով առկա փոխգործակցության մակարդակը, քննարկել են Հայաստանի տրանսպորտի, էներգետիկայի, ջրային և ենթակառուցվածքային այլ ոլորտներում ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա համագործակցության հեռանկարները: Առանձնահատուկ կարևորվել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրն ու ԵՆԲ մասնակցությունը ծրագրի ֆինանսավորմանը:
Թերեզա Չերվինսկան վերահաստատել է ԵՆԲ-ի՝ որպես Եվրոպական Միության բանկի հանձնառությունը ընդլայնելու Հայաստանի հետ համագործակցությունը Կառավարության համար առաջնահերթ ծրագրերի շրջանակներում:
Հաշվի առնելով ԵՆԲ ֆինանսավորմամբ ենթակառուցվածքային նոր ծրագրերի շրջափուլը՝ կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում ԵՆԲ գրասենյակի հիմնման հնարավորություններին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքները համագործակցության ընդլայնման և ակտիվացման ուղղությամբ: