
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ խորհրդաժողովի տարեկան 32-րդ նստաշրջանում: ՀՀ ԱԺ պատվիրակը նշել է.
«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկույցի համար: Ակնհայտ է, որ ծավալուն աշխատանք է կատարվել:
Վիեննայում մեր նախորդ հանդիպումից հետո Հայաստանը և Ադրբեջանը մեծ ու կարևոր քայլ են արել խաղաղություն հաստատելու համար:
Համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը:
Այս իրավիճակում չկա անհրաժեշտություն ծանրաբեռնելու առանց այդ էլ բարդ քննարկումները:
Անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանն օր առաջ ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների: Հայաստանի ղեկավարը ոչ մեկ անգամ հրապարակային հայտնել է իր պատրաստակամության մասին:
Փաստաթղթի ստորագրումը կնշանակի միջպետական հարաբերությունների հաստատում, ինչն իր հերթին հնարավորություն կտա առավել դրական մթնոլորտում քննարկելու տարաբնույթ հարցեր:
Վերջին երեք տասնամյակների ընթացքում Հարավային Կովկասի ժողովուրդները շատ են տառապել, և այժմ մենք հնարավորություն ունենք դադարեցնելու հակամարտությունների և մեր երկրների բնակիչների տառապանքների շղթան:
Խաղաղությունն անհրաժեշտություն է մեր ժողովուրդների իրավունքների պաշտպանության և բարեկեցության համար, և մենք տեսնում ենք այդ հնարավորությունն առավել քան երբևէ»: