

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե հայ հասարակության մեջ գենդերային խտրականություն չկա. «Իմ կարծիքով՝ Հայաստանում գենդերային խտրականություն չկա, բայց կա խիստ անհավասարություն»։ Նա որպես օրինակ է բերել նաև այն հանգամանքը, որ ուսուցիչների 90%-ից ավելին կանայք են։
Արձագանքելով Պապոյանին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ բացարձակ համաձայն չէ էկոնոմիկայի նախարարի դիտարկումների հետ․
«Մեր խնդիրների մի մասը սկսվում է նրանից, որ մենք մեր խոսքը սկսում ենք այդ բառերով։ Չգիտես ինչու՝ մեզ թվում է, որ եթե մեր դիմացինը կին է, ուրեմն՝ այդտեղ մենք գենդերազգայուն միջավայր ունենանք։ Իրականում այդպես չէ։ Մեր ստերեոտիպերի մի մասն ուսուցանվում է հենց կանանց կողմից, կանանց նկատմամբ ու կանանց դեմ»։
Ըստ Անդրեասյանի՝ կանանց թիրախավորումն ակտիվորեն իրականացվում է այլ կանանց կողմից. «Ոչ թե սեռն է որոշում՝ մարդը գենդերային առումով խտրական է, թե ոչ, այլ այդ մարդու համոզմունքների, դիրքորոշումների, պատկերացումների ամբողջականությունը»։
Անդրեասյանը նաև նշեց, որ դպրոցներում ուսուցիչները մեծամասամբ կանայք են ոչ միայն Հայաստանում, այլև՝ ողջ աշխարհում.
«Մանկավարժական ոլորտը մեծամասամբ կանանցով է դպրոցում իրականացվում»։