

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր և արդեն բավական երկար ժամանակ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, նաև այս հանգամանքը շատ կարևոր է, որպեսզի մենք այդ ներուժը լիարժեք կերպով օգտագործենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ ուղղությամբ, իհարկե, որոշակի պրոցեսներ կան և օբյեկտիվ, և սուբյեկտիվ, անձեն աչքով նույնիսկ նկատելի է, որ օրինակ կրթության ոլորտում աղջիկները ավելի ակտիվ են, քան տղաները։ Ընդ որում, մենք նաև սրա մասին ապացույց ունենք, որովհետև Հայաստանում, օրինակ, տեխնոլոգիական ոլորտում մենք աշխարհում կանանց ներգրավվածության ամենաբարձր ցուցանիշներից մեկը ունենք, եթե ոչ ամենաբարձրը։ Մի կողմից մենք ուրախանում ենք, բայց մյուս կողմից դա վկայում է մեր երկրում առկա խոր պրոբլեմների մասին: Ես կարծում եմ, որ մենք թերագնահատում ենք այդ պրոբլեմները և, իմ ընկալմամբ, այդ պրոբլեմների մի հսկայական հատվածը կապված է քրեական ենթամշակույթի ազդեցությամբ մեր իրականության մեջ տղաների աշխարհընկալման հետ»,- ասաց նա։
Փաշինյանը նաև հավելեց, որ ուրախ է, որ ՀՀ-ում աղջիկները ավելի ակտիվ են կրթության ոլորտում․ «բայց ես մտավախություն ունեմ, թե նաև այդ առավելությունը տղաների անբնական պասիվության, քրեական ենթամշակույթի բերումով պասիվության արդյունքում է, և այստեղ մենք քաղաքականություններ մշակելու անհրաժեշտություն ունենք՝ ո՞նց անենք, որ տղաներին ավելի մոտեցնենք գիտելիքին, կրթությանը»,- ասաց Փաշինյանը: