Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 6-ին հանդիպել է Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների հետ: 

Արթուր Պողոսյանը շնորհավորել է ապագա քննիչներին նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այս նշանակումները շոշափելիորեն կթեթևացնեն գործող քննիչների ծանրաբեռնվածությունը և անխուսափելիորեն կհանգեցնեն բազմաթիվ քրեական վարույթների ընթացքի հանգուցալուծմանը:

Անհատապես ծանոթանալով քննիչների հետ՝ Արթուր Պողոսյանը նշել է, որ քննիչները պետք է գիտակցեն պաշտոնի ողջ պատասխանատվությունը և ամենօրյա աշխատանքով նպաստեն կառույցի հեղինակության բարձրացմանն ու վստահության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև քննիչների վարքագծի կանոնները խստորեն պահպանելու, աշխատանքային հարաբերություններից դուրս շփումներում քննիչի հեղինակությունը բարձրացնելու, ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ հարգալից լինելու անհրաժեշտությանը՝ անկախ նրանց դատավարական կարգավիճակից:

«Պետք է ամեն օր աշխատեք մասնագիտական կարողությունների բարձրացման ուղղությամբ, կայանաք որպես քննիչ՝ գիտակցելով աշխատանքի ողջ պատասխանատվությունը: Ի դեմս ձեզ՝ տեսնում եմ քննչական ստորաբաժանումների ապագա ղեկավարների»,- նշել է Քննչական կոմիտեի նախագահը:

Արթուր Պողոսյանը հատուկ ընդգծել է կոռուպցիոն բնույթի ցանկացած դրսևորումների դեմ անհանդուրժողականության կարևորությունը:

140