
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 2025 թվականին անցկացվող «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարին մասնակցում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների հավաքական թիմերը։
Այն անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական։ Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբերով։
Առաջին տարիքային խմբում հանդես եկող թիմի կազմում ընդգրկվում են նույն դպրոցի 7-9-րդ դասարաններում սովորող 1 տղա և 1 աղջիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարաններում սովորող 2 տղա և 2 աղջիկ։
Գեղարքունիքի մարզում մրցաշարի համայնքային փուլի մրցումները մեկնարկել են 2025 թվականի մայիսի 6-ից։
Դրախտիկ-Ծովագյուղի խաչմերուկ 25 կիլոմետրանոց ճանապարհահատվածում անցկացվել է Սևանի համայնքային փուլը։
Մրցումների անվտանգությունը ապահովվել են ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության աշխատակիցները։ Համայնքային փուլի գլխավոր մրցավար Արմեն Երիցյանն է։
Թիմերը հիմնականում հաղթահարել են տարածությունը։
Մրցապայքարի արդյունքում 1-ին տարիքային խմբում առաջի տեղը գրավել է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում Սևանի N 4 հիմնական դպրոցի թիմն է, իսկ մրցանակային եռյակը եզրափակել է Չկալովկայի միջնակարգ դպրոցի թիմը։
2-րդ տարիքային խմբում ուժեղագույնը Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմն է, երկրորդ տեղում է Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականում՝ Ծաղկունքի բաց դպրոցի թիմն է։
Մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր։
Համայնքային փուլում ըստ տարիքային խմբերի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը Սևան համայնքը կներկայացնեն մրցաշարի ՀՀ Գեղարքունիքի մարզային փուլի մրցումներում: