Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ, շարունակելով սերտ համագործակցությունը ճանաչված  միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, կնքել է 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր առաջատար շվեյցարական responsAbility Investments AG  ֆինանսական կառույցի կողմից կառավարվող ներդրումային ընկերությունների հետ:

Ստացված ֆինանսական միջոցներն ուղղվելու են Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորմանը՝ նպաստելով տնտեսության աճին և ոլորտի մրցունակության բարձրացմանը:

Բանկը, լինելով ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստող օղակ և մատուցելով կորպորատիվ, ներդրումային ու մանրածախ ծառայությունների համալիր փաթեթ, շարունակում է իրականացնել իր հիմնական  գերակայություններից մեկը՝ նպաստել երկրի տնտեսության աճին միջազգային ֆինանսական կառույցների հետ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության միջոցով։

ResponsAbility-ի մասին

ResponsAbility Investments AG-ը շվեյցարական առաջատար ակտիվներ կառավարող ընկերություն է, որը հիմնադրվել է 2003 թվականին: Ընկերությունը մասնագիտացած է մասնավոր շուկաների ներդրումներում, որոնք նպաստում են ֆինանսական ռեսուրսների հասանելիությանը, կլիմայի ֆինանսավորմանը և կայուն սննդի համակարգերին՝ երեք ոլորտներ, որոնք անմիջապես նպաստում են Միավորված Ազգերի Կազմակերպության Կայուն Զարգացման նպատակների (SDGs) իրականացմանը:

2025 թվականի մարտի դրությամբ responsAbility Investments AG-ն աշխարհի տարբեր երկրներում գտնվող յոթ գրասենյակի միջոցով կառավարում է մոտ 5.5 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ, որոնք ներդրված են ավելի քան  300 պորտֆելային ընկերություններում՝ աշխարհի շուրջ 70 երկրում։

 

185