Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը այցելել են Արարատի երիտասարդական կենտրոն, որը ստեղծվել է ԿԳՄՍ նախարարության, Արարատի համայնքապետարանի և «Արարատի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ և գործում է 2025 թ. մարտից:

Այցին ներկա են եղել նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել երիտասարդական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել երեխաների հաճախելիության ընթացակարգով, զբաղվածությամբ, անցկացվող ծրագրերով:

Նախարարին ներկայացվել է, որ կենտրոն են հաճախում 13-18 տարեկան երիտասարդներ, անցկացվում են ինտելեկտուալ, ժամանցային խաղ-մրցույթներ, մեդիագրագիտության, մասնագիտական կողմնորոշման, արհեստական բանականության և այլ ոլորտների վերաբերյալ տարաբնույթ ծրագրեր։

Միջոցառումների ընթացքում երիտասարդները նաև իրազեկվում են երիտասարդական պետական քաղաքականության և ոլորտում իրականացվող պետական ծրագրերի վերաբերյալ: Երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ պարբերաբար այցեր են կազմակերպվում մարզի հանրակրթական դպրոցներ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ տեղեկացնելու կենտրոնի գործունեության և ընձեռած հնարավորությունների մասին, ինչի արդյունքում մեծանում է երիտասարդների հետաքրքրվածությունը և հաճախելիությունը:

Նախարարը ներկա երիտասարդներից հետաքրքրվել է՝ երբվանից են հաճախում կենտրոն, ինչ դիտարկումներ ունեն, որքանով են արդարացվում նրանց սպասելիքները և այլն։ Նա շեշտել է, որ կառույցի հետագա գործունեությունը լավարկելու տեսանկյունից երիտասարդների կարծիքը կարևոր է։

«Շատ ուրախ եմ, որ երիտասարդները հետաքրքրված են կենտրոնի գործունեությամբ և ակտիվորեն հաճախում են՝ մասնակցելով իրենց հետաքրքրող ծրագրերին կամ պարզապես կազմակերպելով իրենց հետաքրքիր ժամանցը: Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները կձևակերպեն իրենց ցանկությունները և կգնան դրանց իրագործման ճանապարհով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կոչ անելով ներկաներին իրենց ընկերներին ևս ներգրավել այցերին:

Կենտրոն այցելող երիտասարդները պատմել են իրենց տպավորությունների, հետաքրքրությունների շրջանակների մասին և ընդգծել, որ արդեն հասցրել են կենտրոնի համար կանոններ սահմանել ու հետևել դրանց:

Նախարարն այցելել է նաև Արտաշատ, որտեղ ևս նախատեսվում է երիտասարդական կենտրոն հիմնել: Համայնքի ղեկավարի՝ Կառլեն Մկրտչյանի հետ պաշտոնյաները շրջել են տարածքում, քննարկել առաջիկա անելիքները: Կարևորվել է ստեղծվող երիտասարդական կենտրոնի հասանելիության և շահառուների կարիքներին նպատակային արձագանքելու խնդիրը:

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը ՀՀ մարզերում հիմնել 25 երիտասարդական կենտրոն, որոնցից 8-ն արդեն բացվել և գործում են, ևս 6-ը կբացվեն մինչև տարեվերջ։

92