
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 1-ին՝ ժամը 02։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտի դիմաց գտնվող գերեզմանատան մոտ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով բուժօգնության են դիմել 2 քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ծառայողները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 24-ամյա Ազատ Օ.-ը, որը հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և 23-ամյա Հովհաննես Գ.-ը, որը հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արնահոսող վերքեր» ախտորոշմամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։