
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2024 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմը կարողացել է խնայողություններ ապահովել՝ ընդհանուր առմամբ շուրջ 162 միլիոն դրամի չափով։ Այդ գումարը տնտեսվել է մի շարք ծախսային հոդվածների հաշվին։ Մասնավորապես՝ աշխատավարձերի ֆոնդից խնայվել է մոտ 11 մլն դրամ, էներգետիկայի, կոմունալ ծառայությունների և կապի ծախսերից՝ 29.9 մլն դրամ, գործուղումների համար նախատեսված միջոցներից՝ 27.2 մլն դրամ, աշխատակազմի մասնագիտական զարգացման ծրագրերից՝ 2.3 մլն դրամ, մեքենաների և սարքավորումների նորոգման և պահպանման համար նախատեսված բյուջեից՝ 2.2 մլն դրամ, գրասենյակային կարիքների համար նախատեսված միջոցներից՝ 3.2 մլն դրամ, ներկայացուցչական ծախսերից՝ 4.4 մլն դրամ, իսկ տարբեր այլ ծախսերից՝ 79 մլն դրամ:
Այս մասին հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական արդյունքները:
Բացի այդ, Պողոսյանը նշեց, որ 2024 թվականին ՀՀ նախագահը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ կապված քաղաքացիության հարցերի հետ։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն շնորհվել է 20,770 անձի, իսկ 3746 քաղաքացու քաղաքացիությունը դադարեցվել է նախագահի հրամանագրերով։