Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սահմանադրությունը պարունակում է մեկ դեկլարատիվ բնույթի նորմ, որի համաձայն՝ ՀՀ-ն ընդունում է Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում: Ի՞նչ է եղել, որը ստիպել է, որ ծագի նման հարցադրում, այսինքն՝ ինչո՞վ է խախտվելը դրսևորվել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հարցադրումն ուղղելով լրագրողին, որը հետաքրքրվել էր՝ Սահմանադրության կարգի խախտում չէ՞ ՀՀ վարչապետի կողմից Եկեղեցու ներքին գործերին խառնվելը՝ նկատի ունենալով Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումները:  

«Եկեղեցու հետ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, և այսօր էլ մենք ունենք օրենսդրական դաշտ, որը որոշակիորեն կարգավորում է այդ հարաբերությունները: Իրականում այդ կարգավորումները, որպես կանոն, այժմեական իրականության համատեքստում միտված են Եկեղեցուն որոշակի արտոնություններ տալուն, եկեղեցականների կարգավիճակի հետ կապված նրանց որոշակի արտոնություններ տալուն և այլն: Այսինքն՝ մենք ընդունում ենք, որ գոնե այս պահին առնվազն այդքանով Եկեղեցու և եկեղեցականների հետ հարաբերությունները կարող են օրենքի մակարդակում կարգավորվել»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ այն, որ Եկեղեցու կարգավիճակը սահմանվել է Սահմանադրության շրջանակներում, դա ևս խոսում է այն մասին, որ առնվազն հնարավոր է՝ իմպերատիվ կարգավորումների դաշտում քննարկվեն այն հարցերը, որոնք այսօր բարձրաձայնվում են:

Անդրադառնալով Փաշինյանի՝ թեմային առնչվող գրառումների բառապաշարին, Գալյանը նշեց. «Այո՛, սուր երանգներ պարունակող բառամթերք է: Գուցե, օրինակ, ես կամ մեկ այլ անձ խնդիրները բնորոշելիս նման կերպ չարտահայտվեինք, բայց ամեն մարդ ինքն է ընտրում: Բայց եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ այստեղ խնդիր չկա»:

Ըստ նախարարի՝ եթե անձն իրեն համարում է Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ և հետևում է կանոնական իրավունքին, ապա պետք է իր համար եզրահանգում անի՝ այս իրավիճակում խնդիր կա՞, թե՞ չկա:

«Իմ դիտարկմամբ՝ մենք այսօր ունենք խնդիր. մենք ունենք Եկեղեցի, որն արդեն զբաղվում է քաղաքականությամբ, ըստ էության: Եկեք դա էլ արձանագրենք,- ասաց նա և հավելեց.-  աշխարհիկ մարդկանց դեպքում, եթե նրանք պաշտոնյա են, պետք է տարեկան հայտարարագիր ներկայացնեն, չլինեն կոռումպացված, լինեն թափանցիկ և հաշվետվողական, և հասարակությունը կարող է հետևել դրանց: Եկեղեցականների պարագայում էլ այլ կանոններ են գործում, և քրիստոնյա համայնքն ինքն է որոշողը՝ հետևի՞ այդ կանոնների պահպանմանը, թե՞ չհետևի»:

227